«Զանգեզուրի միջանցքի» բացումը կդառնա թյուրքական աշխարհը միավորող գործոն»․ թուրք նախարար. «Ազատություն»

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի բեռնափոխադրումների ծավալը Միջին միջանցքի ուղղությամբ՝ տարեկան 1 մլն տոննայից հասցնելով 25 մլն տոննայի, TRT Haber-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու այլընտրանքը, հայտարարել է Ուրալօղլուն՝ շեշտելով՝ այն նաև կդառնա թյուրքական աշխարհը միավորող գործոն, կնպաստի Թուրքիայում արդյունաբերության, տեխնոլոգիայի և զբոսաշրջության զարգացմանը։

Թուրքիայի տրանսպորտի նախարար նաև տեղեկացրել է, որ ապրիլին կավարտվեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընթացիկ վերանորոգման աշխատանքները։

Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ Թյուրքալեզու պետությունների Ավագների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Բինալի Յըլդըրըմը երեկ Բաքվում, ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում, ևս անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցքին»՝ հայտարարելով՝ այն պետք է բացվի։

«Հարկավոր է բացել սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Հարկավոր է նաև փոփոխությունների ենթարկել Հայաստանի Սահմանադրությունը։ Հայաստանի զինանշանի վրա պատկերված են մեր հողերը և Արարատ լեռը։ Դա պետք է վերացվի», – հայտարարում էր Յըլդըրըմը՝ Արարատի պարագայում օգտագործելով դրա թուրքական տեղանունը։

Պաշտոնական Երևանն Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցք»-ը կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն, այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։