ԱԽ քարտուղարը Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 21-ին հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի գլխավորած պատվիրակության հետ:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Գրիգորյանը և  Վադ Պետերսոնն անդրադարձել են արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին ընդհանուր առմամբ և մասնավորապես՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը:

ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսության և անվտանգության համակարգի զանազանեցման ընթացքն ու արդյունքները: Վերոնշյալի համատեքստում կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկկողմ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակներում: