«Սրա լուծումը կոնսոլիդացիան է, հակառակ դեպքում Նորատուս ու Գավառ է դառնալու ամբողջ երկիրը». Էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

Պարոն Բաղդասարյան, Գավառում տեղի ունեցած զինված փոխհրաձգությունն ու սպանությունները նորից հարցեր են առաջացնում, թե ինչի՞ հետևանք է այս իրավիճակը։

– Կատարվում է մի սարսափելի բան, որի հետևանքները կարող են շատ տխուր լինել։ Իսկ այդ տխրությունը մեզ համար կարող է լինել պետականության կորստի կամ էլ պատերազմի տեսքով, որն արտաքին պատերազմ կլինի։

Մենք պետք է հաշվի առնենք այն մարտահրավերները, որոնք մեր կողքին են։ Մենք խոսում ենք, որ 5000 տարվա ազգ ենք, բայց այսօր ապրում ենք Ֆեյսբուքի տարածքում, հիբրիդային հայհոյանքներ, ֆեյք մարդիկ, ֆեյք իշխանություն, ֆեյք ղեկավարներ, ֆեյք ընդդիմադիր գործիչներ։ Ամեն ինչը ֆեյք է, նման իրավիճակը չսանձահարել ու չվերցնել վերահսկողության տակ…

Ես չեմ խոսում կոնսոլիդացիայից, որովհետև աբսուրդ է այս պահին խոսել կոնսոլիդացիայից, 5000 տարվա ազգը 5000 րոպեանոց ազգի վարքագիծ է ցուցաբերում։ Ես չգիտեմ, թե ոնց կարող է մարդն իր ձեռքով սղոցել այն ճյուղը, որի վրա նստած է։ Ես շատ վրդովված եմ, չեմ ուզում որևէ մեկի կողմից խոսել, որովհետև բոլորս ենք մխտռվել։

Ես տեսնում եմ կատարյալ անօրինական մի վիճակ, մարդիկ, բացի անձնական, կուսակցական շահից, ոչնչով չեն զբաղվում։ Ես չեմ զգում, որ այսօր վարչապետ ունենք։

Այսօր իշխանության ձեռքին է այդ լծակը, եթե իշխանությունը չհասկացավ, որ պետք է կոնսոլիդացիայի գնալ, շատ վատ կլինի։ Ես չգիտեմ, թե ոնց է անելու դա, որովհետև մենք արդեն չորրորդ կարգի մետաստազների մեջ ենք հայտնվել։

Եթե մենք չկարողանանք, կկորցնենք այս պետությունը։ Ատելությունն արդեն հասնում է գագաթնակետին, մենք արդեն իդիոտիզմի սահմաններն ենք անցել։

Անընդհատ նշվել է, որ մեր մեջ արմատացած է քրեական ենթամշակույթը, ինչպե՞ս պայքարել դրա դեմ։

– Այո, դա կա, գալիս է 1920-ական թվականներից, բայց դա մի պունկտն է։ Կան նաև ուրիշ խնդիրներ։ Եթե մարդը գալիս է իշխանության, պետք է հասկանա՝ ում հետ գործ ունի։ Դուք պետք է որպես ղեկավար հասկանաս քո սեփական ազգի 5000 տարվա թերությունները, սկսես աշխատել թերությունների հետ, ոչ թե արժանիքների։ Իսկ թերությունները ես կարող եմ թվարկել, մենք խայտառակ թերություններ ունենք՝ բարձր ինքնագնահատական, բոլորը դեմք են՝ քուչի տղուց սկսած մինչև մինիստր ու ընդդիմադիր։

Մենք շատ ցածր կենցաղային ու բանավեճի կուլտուրա ունենք։ Մենք չենք կարողանում հակառակ կարծիք լսել, մեր քննադատությունը՝ պուշկեն հանենք սպանենք։

Ընդամենը պետք է հասկանալ, թե ում հետ գործ ունես, մենք լիքը բռակ ունենք։ Եվ ցածր կուլտուրան գալիս է նրանից, որ 30 տարի բթացած սերիալներով ու կիսաբաց լուսամուտներով, պոռնոգրաֆիկ պատուհաններով է եթերը լցվել։

Բոլորին դժոխքում պետք է վառել։ Մենք երեք սերունդ աճեցրել ենք՝ բարձր արվեստից, ամեն ինչից կտրված։ Այսօր ինձ մեկը լուրջ գրեց՝ բա որ քո ախպորը սպանեին, դու ի՞նչ կանեիր։ Այդ աստիճան տգետ հասարակարգ է։

Մեր ազգը 80 տոկոսով տգետ է, երբ ասում են՝ ուր են մեր մտավորականները, նրանք այդ մտավորականի կարիքը չունեն։ Իշխանությունը փոխվեց՝ Լևոնը գնաց, եկավ Ռոբերտ Քոչարյանը, գնաց Սերժ Սարգսյանը, եկավ Նիկոլ Փաշինյանը, բայց բոլորը հիմնվում են փոփ կուլտուրայի ամենացածր խավի վրա, որը կարող է իրենց ընտրազանգված ապահովել։

Դա է իրենց հենքը։ Այդ նույն երգիչները երգում էին նաև Սերժի ժամանակ, այսօր ես նույն տենդենցները տեսնում եմ։ Այսինքն՝ մենք ի՞նչ ենք փոխում։

Այնպես որ, միայն քրեական ենթամշակութի մեջ չէ խնդիրը, մշակութային տգիտության ու բացակայության խնդիր է։ Հոգնել եմ ասելով՝ կրթել է պետք, դու 5000 տարվա ազգ ես, բայց 5000 րոպեանոց ազգի խելք չունես, դիմացինին լսելու կուլտուրա չունես։

Կողքիդ թշնամիներ են, որ պատրաստ են երեխուդ մորթել, այսօր սուս ու փուս նայում են, մի քիչ էլ, ու հայերը Մաշտոցի պողոտայում իրար կփրթեն։

Ես ուզում եմ, որ հստակ արձանագրենք. այն մարդիկ, որոնք պիտակներ են կպցնում, կապ չունի՝ ում հասցեին, այս ազգի թշնամիներն են։ Պիտակավորում կպցնողների գործողությունները հակապետական են, արեք լյուստրացիա։

Ես կոչ եմ անում՝ Ֆեյսբուքից, այդ վիրտուալ աշխարհից դուրս գալ, զզվել եմ արդեն ձեր լայվերից, ամոթ է ուղղակի։ Չի կարելի հիբրիդային կյանքով ապրել, սրա վերջը վատ է լինելու։

Եթե դուք այդքան չեք հասկանում, մոտներդ մարդ պահեք։ Առաջին օրվանից, երբ տեսա կադրային քաղաքականությունը, ինձ մոտ պանիկա սկսվեց արդեն։ Մոտավորապես գիտեի, որ վատ է լինելու, բայց այսքան վատ՝ չէի պատկերացնում։

Լուծումը ո՞րն է ի վերջո, պարոն Բաղդասարյան։

– Ես կրկնում եմ՝ սրա լուծումը կոնսոլիդացիան է, հակառակ դեպքում Նորատուս ու Գավառ է դառնալու ամբողջ երկիրը։ Ես շատ եմ ուզում, որ մարդիկ մտածեն, որ այս ատելությունը չի կարող անընդհատ կուտակվել, կրիտիկական զանգված կա։

Միջուկային ֆիզիկայում, երբ պայթյուն է լինում, կրիտիկական զանգված է անհրաժեշտ։ Չի կարելի, մենք չենք կարող մեզ նման բան թույլ տալ, պետք է կարողանանք սեղանի շուրջ նստել ու խոսել։

Ստեղծված իրավիճակի համար բոլորն են մեղավոր, բայց իրենք դա չեն գիտակցում, գցում են իրար վրա։

Իմ ձեռքին լծակ տվեք, այդ խնդիրները կլուծեմ, երկու ամսում Նորատուսը կլինի ամենակարգապահ ու օրինապահ գյուղը Հայաստանում։ Այո, դա բոլորի դուրը չի գա, բայց նույնն էլ երկրում պետք է արվի, ոչ թե կուսակցական շահով առաջնորդվել։

Իսկ այսօր բոլորն էլ տանում են պառակտման ու բոլորն իրենց շահերն ունեն։ Ես բռնապետություն ու ավտորիտարիզմ չեմ ուզում, իշխանությունը չպետք է լինի մեկ մարդու ձեռքին, ով ուզում է լինի այդ մարդը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am