Լյուտնյայի հանրահայտ վարպետը համերգով հանդես կգա Հայաստանում

Լյուտնյայի (լարավոր կսմիթային երաժշտական գործիք) հանրահայտ վարպետ Հոփկինսոն Սմիթը (ԱՄՆ/Շվեյցարիա) բացառիկ համերգով հանդես կգա Երևանում։

Համերգային երեկոն տեղի կունենա մարտի 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Բազմաթիվ երաժշտական մրցանակների դափնեկիր Հոփկինսոն Սմիթը միջազգային շրջանակներում լայն ճանաչում է ձեռք բերել Վերածննդի և Բարոկկո ժամանակաշրջանների երաժշտության իր վիրտուոզ մեկնաբանությունների շնորհիվ:

Սմիթի անզուգական վարպետությունն ամենաբարձր գնահատականին է արժանացել համաշխարհային հեղինակավոր հրատարակությունների և քննադատների կողմից: «San Francisco Chronicle»-ը վերջինս ճանաչել է որպես «աշխարհի լավագույն լյուտնիստ», իսկ «Gramophone» պարբերականն անվանել «լյուտնյայի բանաստեղծ»:

Երաժշտի երևանյան համերգը հավակնում է անմոռանալի երաժշտական իրադարձություն դառնալ։ Այդ երեկո «Առնո Բաբաջանյան» համերգասրահի հանդիսատեսը մտովին կտեղափոխվի Վերածննդի և Բարոկկո դարաշրջանների բարձրարվեստ և տպավորիչ աշխարհ:

Հոփկինսոն Սմիթը խարիզմատիկ կատարումներով և խորը երաժշտական արտահայտչականությամբ ունկնդիրներին կներկայացնի 16-17-րդ դարերի անգլիական և իտալական երաժշտության բացառիկ նմուշներ։

Համերգը եզակի հնարավորություն է երաժշտասերների համար կենդանի կատարմամբ ունկնդրելու մեր ժամանակների ամենանշանավոր լյութահարներից մեկին: