Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն անհրաժեշտ է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար. Փաշինյան 

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով ընդդիմության  մեղադրանքներին, թե իշխանությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Մենք իրականում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենք ճանաչել: Եվ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով: Եթե դու չես ճանաչում Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չես ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև ՀՀ–ն, նույնիսկ պատմականորեն, ԽՄ տրամաբանությամբ, այն երկիրն է, որ պարփակված է այս երկրներով: Եթե դու չես ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը, դու քո երկրի գոյությունը չես ճանաչում: Հենց այս գայթակղության մեջ են դրել մեզ, և այս գայթակղությունով է, որ ինքներս մեր ձեռքով մեր երկրի սուվերենությունը քայքայել ենք»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա ոչ թե քաղաքական, այլ սոցիալ–հոգեբանական հարց է:

Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին՝ Փաշինյանը վստահեցրեց, որ իրենից շատ ոչ մեկ պատմական Հայաստանը չի սիրի: Բայց ինքը հրաժարվում է պատմական Հայաստանն ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը:

«Ես, որպես ՀՀ վարչապետ, հրաժարվում եմ ընդհանրապես որևէ բան ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը…նրա այս պահին ապրող ժողովրդին և նրա շահերը»,–նշեց նա: