«Շատ ուրախ կլինեի, եթե պարտված իշխանությունը գիտակցեր, որ ինչքան ինքը մնա, նոր պարտություններ է բերելու». Թևան Պողոսյան

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, Մայիսի 9-ն արդեն երեք տարի է՝ այլ տրամադրություններով ու զգացմունքներով է նշվում Հայաստանում։ Այս ու օրվա խորհրդի մասով ձեր գնահատականն եմ խնդրում։

– Գնահատականը հետևյալն է․ օրն իր խորհուրդը չի փոխել, բայց իմաստն այլ է, եթե առաջ միայն զվարճանում էինք, ապա հիմա պետք է աշխատենք ու Մայիսի 9-ի խորհրդի հիման վրա դաստիարակենք օրվա սերնդին, որպեսզի նրանք կարողանան իրենց պապերի, հայրերի, քույրերի ու եղբայրների սխրանքը կրկնել, հայրենիքը վերաազատագրել ու այդ կերպ ապահովել հաղթանակն ու խաղաղությունը։ 

Պարզապես մեր գիտակցության մեջ պետք է հետևյալ ընկալումն ամրապնդվի, որ եթե առաջ պետք է գնայինք ու միայն լուսանկարվեինք, հիմա շատ անելիք ունենք։ Եռատոնին նոր կոչ պետք է ձևավորվի, օրինակ՝ «Հաջորդ տարի Շուշիում»։

– Հասարակության գիտակցության մեջ այդ փոփոխությունները դուք նկատո՞ւմ եք։

– Անհատներ կան, այո՛։

– Այդ անհատները հասարակության զգալի՞ մասն են կազմում։

– Ես դժվարանում եմ հստակ թիվ ասել, բայց երբ նայում եմ տարբեր հետազոտությունները, երբ 97%-ը չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում, երբ, օրինակ՝ «Ապագա հայկական»-ի քննարկման ժամանակ 97%-ն ասել է, որ Արցախն ամբողջ հայության կարիքն ունի, երբ այսօրվ դրությամբ տեսնում եմ, թե ինչպես են 120 հազար արցախցիները կրում բոլոր զրկանքները, որ հայ ազգի համար լավ լինի, հուսով եմ, որ ամենօրյա ռեժիմով այդ թիվը կավելանա։ 

Բայց այս ամենը պետք է ասվի, սերունդներին այս կերպ դաստիարկել, եթե հիմա այդ կերպ մտածող մարդիկ քիչ են, չի նշանակում՝ պետք է ոչինչ չանել ու այդ թիվը չավելացնել։ Բա ինչու եմ ասում, որ տոնի իմաստն այլ է, գիտակցությունը պետք է փոխվի․ մենք պետք է հասկանանք, թե ինքներս մեզ ինչ ենք պարտավոր խոստանալ, երբ այցելում ենք մեր պապերի, եղբայրների շիրիմներին։ 

– Պարո՛ն Պողոսյան, իսկ միայն անհատների մակարդակով հնարավո՞ր է ինչ-որ բան անել։

– Այդ անհատներն այնքան պետք է ավելանան, որ կարողանան որոշիչ գործոն դառնալ։ Շատ ուրախ կլինեի, որ ունենայինք ազգային իշխանություն, որը պարզապես կստանձներ այդ պարտավորությունն ու օր առաջ դա կաներ՝ սկսած անցած երկու տարվանից ու դրանից առաջ ամեն ինչ աներ, որ ընդհանրապես չունենայինք պարտության այս ցավը։ Բայց հիմա եթե դա չկա՝ չպայքարե՞նք, հանձնվենք գնա՞նք։ 

Պետք է աշխատել, շատ ուրախ կլինեի, եթե պարտված իշխանությունը գիտակցեր, որ ինչքան ինքը մնա, նոր պարտություններ է բերելու, ու լավագույնն այն կլիներ, որ ինքնակամ, գիտակցված հեռանային, բայց դա չկա ու բնավ չի նշանակում, որ անհատները, քաղաքական ազգային խմբերը պետք է իրենց աշխատանքը չկատարեն։

– Փաստորեն, լիահույս եք, որ ամեն դեպքում այդ գիտակցությունը կփոխվի։

– Դե, վստահ եմ, որ դուք էլ՝ որպես չորրորդ իշխանություն, ձեր բաժինը կստանձնեք, որ մաքսիմալ հենց այդ ընկալումները տարածեք, իմ ասած ձևակերպումներն օրակարգային դարձնեք, այդ գիտակցությունն ավելի շուտ կձևավորվի, ու մենք ավելի շուտ կհասնենք մեր ազգային երազանքին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am