Շիլաշփո՞թ, թե՞ դիտավորյալ աղավաղում. Արսեն Թորոսյանի և Գևորգ Թամամյանի հայտարարությունների հետքերով. Fip.am

Շիլաշփո՞թ, թե՞ դիտավորյալ աղավաղում. Արսեն Թորոսյանի և Գևորգ Թամամյանի հայտարարությունների հետքերով. Fip.am
Շիլաշփո՞թ, թե՞ դիտավորյալ աղավաղում. Արսեն Թորոսյանի և Գևորգ Թամամյանի հայտարարությունների հետքերով. Fip.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2019-ին կրկնապատկվել է նախարար Թորոսյանի կնոջ կողմից ղեկավարվող «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարը։

«Տարվա սկզբին պետպատվերի բաշխում անելիս ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվել, ինչպե՞ս եղավ, որ ձեր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ մատուցում է միայն ՄՌՏ (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) ու ԿՏ (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտություններ, կրկնապատկեցիք։ … Եթե այդքան լավն էր, թող տասով բազմապատկեիք, թող ամբողջ ժողովուրդն այնտեղ գնա… Ինչո՞ւ մասնավոր կենտրոնին 1 միլիարդով ավելացրեցիք պետպատվերը՝ դարձնելով մոտավորապես 2․7 միլիարդ, մինչդեռ ամբողջ ՀՀ-ի ուռուցքաբանության պետպատվերը 1 միլիարդի չի հասնում»,- հայտարարեց Թամամյանը: (5:03-5:45)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Գևորգ Թամամյանի բարձրաձայնած հարցերին, պատասխանեց. «Իմ կինը հիմնարկ չունի, այլ պարզապես տնօրեն է մի բժշկական հիմնարկի, որի մասին բազմիցս խոսել եմ, և այս ամեն ինչի անհեթեթությունը կայանում է նրանում, որ նույնիսկ պարզ թվեր նրանք չգիտեն։ 2.5-2.7 մլրդ դրամ չգիտեմ որտեղից են վերցրել։ Դժվարամատչելի հետազոտությունների բյուջեն մի քանի 100 միլիոն է»,- ասաց Թորոսյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքան գումար է պետական բյուջեից տրամադրվել «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին, որի տնօրենն է Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, և ինչ հավելյալ 1 մլրդ դրամ պետպատվերի մասին էր մատնանշում Գևորգ Թամամյանը։ 

Fip.am-ի հետ զրույցում Գևորգ Թամամյանը պարզաբանեց, որ իր խոսքը տարընթերցումների առիթ է դարձել․ վերջինս, «մասնավոր կենտրոն» ասելով, ոչ թե «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնն է նկատի է ունեցել, ինչպես տարածվում էր լրատվամիջոցներում, այլ մասնավոր մեկ ուրիշ բժշկական կենտրոն։ Եվ նշած հավելյալ 1 մլրդ դրամը տրամադրվել է այլ կենտրոնի։

«2.7 մլրդ դրամը վերաբերում էր այլ կենտրոնին, նախարարի կնոջ կենտրոնին վերաբերում էր, որ երկու անգամ ավելացվել է դրան հատկացվող պետպատվերը»,- ասաց Թամամյանը։ 

«ՄԻԲՍ»-ին տրամադրվող գումարները 

Այսպես, Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված է պետության կողմից 2018 և 2019 թվականներին կազմակերպություններին պետպատվերի շրջանակում տրամադրված գումարների մասին տեղեկատվությունը։ Ըստ դրա՝ եթե 2018-ին «ՄԻԲՍ» ՍՊԸ-ին տրամադրվել էր մոտ 22,7 մլն դրամ, ապա 2019-ի բյուջեով կրկնապատկվել է հատկացվող գումարը՝  դառնալով 57 մլն դրամ։ 

1 մլրդ դրամի հատկացման մասին

Ինչպես նշեցինք, Գևորգ Թամամյանը FIP.am-ի հետ զրույցում հստակեցրեց, որ իր խոսքը սխալ է ընկալվել և 1 մլրդ դրամով հավելյալ պետպատվերը հատկացվել է այլ մասնավոր բժշկական կենտրոնի։ Ուսումնասիրելով պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարների բյուջեն՝ պարզ դարձավ, որ 2019-ին ավելի քան 1 մլրդ դրամով ավելացել է պետության կողմից «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնին հատկացվող գումարը։ Եթե 2018-ին ԲԿ-ին տրվել էր 1.6 մլրդ դրամ, ապա 2019-ին նախատեսվել է տրամադրել 2.6 մլրդ դրամ։ 

Այսպիսով, Գևորգ Թամամյանի հայտարարությունը, թե «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին պետության կողմից հատկացվող գումարը 2019-ին կրկնապատկվել է, համապատասխանում է իրականությանը։ Ինչ վերաբերում է 1 մլրդ դրամի հավելյալ պետպատվերի հատկացմանը, ապա այն հատկացվել է ոչ թե «ՄԻԲՍ»-ին, ինչպես տարածվում էր լրատվամիջոցներում, այլ «Աստղիկ» բժշկական կենտրոնին։

www.Fip.am