Եկեղեցին այսօր թիրախի տակ է, ու Նիկոլ Փաշինյանին հաջողվում է այդ պրոցեսն իրականացնել. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

– Պարո՛ն Սահակյան, Հանրապետության տոնի առիթով Նիկոլ Փաշինյանը այցելեց Սարդարապատի հուշահամալիր միայն Բագրատ Արքեպիսկոպոսի գլխավորած շարժումից հետո։ Ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը ոստիկանները փորձել են խոչընդոտել, քանի որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը ևս եղել է հուշահամալիրում։ Ինչու՞:

– Նիկոլ Փաշինյանը մի փորձառություն ունի, երբ որ գնացին Եռաբլուր, ընդդիմադիրներն այնտեղ էին, ու բախում տեղի ունեցավ։ Ես ենթադրում եմ, որ զուտ այդ ռացիոնալ տեսանկյունից ելնելով, քանի որ հանրային կրքերը թեժացած են, Նիկոլ Փաշինյանը փորձել է խուսափել բախումներից, շատ լավ իմանալով, որ այնտեղ գնա՝ բախումներից խուսափել հնարավոր չի լինի։ 

Ինչ վերաբերում է Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելուն․ Կաթողիկոսը ներկայացնում է Եկեղեցին, այն համահայկական ինստիտուտ է ու հայության ազդեցությունն է աշխարհի գործընթացների վրա, Եկեղեցին նաև մշտապես պետության ծանր օրերին եղել է պետության կողքին, ուզենք-չուզենք, դա այդպես է ու պետք է դրա հետ հաշվի նստենք։ 

Քանի որ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, քանիցս փաստում ենք, վերածվել է կոլաբորացիոն իշխանության, իսկ դա ենթադրում է, որ իրենք պետք է սպասարկեն հաղթած կողմի քաղաքական շահերը, իսկ մենք պարտվել ենք ռուս-թուրքական դաշինքին, ու տարածաշրջանում տեղի են ունեցել զարգացումներ։ Հիմա Ռուսաստանը որոշել է, որ այս տարածաշրջանից դուրս գալուց հետո ինքն այն պետք է թողնի թուրքական ազդեցությանը, ու այսօր Հայաստանը փաստացի գտնվում է Ադրբեջանի ազդեցության տակ ավելի շատ, քան երբևէ, իսկ Ադրբեջանը Ռուսաստանի ու Թուրքիայի պրոքսին է։ 

Թուրքական կողմը մեր առջև նոր պահանջներ է դրել՝ մոռանալ Ցեղասպանությունը, մոռանալ մեծ ամբիցիաները, հայկական գործոնը տարածաշրջանում թուլացնել ու հարմարվել համայնքի կարգավիճակին։ Հիմա ուզում են այդ համայնքի կարգավիճակը տալ մեզ, իսկ դրա խանգարող գործոններից մեկը Եկեղեցին է, ու դրա ազդեցությունը պետք է թուլացնեն, հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ այս տարվա ապրիլքսանչորսյան նրա ելույթում կային մտքեր, որոնք մինչ այդ բացառապես թուրքական քարոզչական տիրույթում էին հնչում, նույնն էլ Եկեղեցուն վերաբերողը այդ նույն տրամաբանության մեջ պետք է նայենք։ 

Պետք է թուլացնեն այն ամենը, ինչը կարող է մեզ համախմբել, ուժերի կոնսոլիդացիայի ու իրավիճակից արդյունավետ լուծումներ գտնելու հնարավորություն ստեղծել։ 

– Կհաջողվի՞ թուլացնել Եկեղեցուն։

– Արդեն հաջողվում է։ Տարատեսակ այն խոսակցությունները, որոնք հնչում են այս օրերին, արդեն իսկ թուլացնում են Եկեղեցին, դրանցից այն հաստատ չի ուժեղանում։ Եկեղեցին այսօր թիրախի տակ է, ու Նիկոլ Փաշինյանին հաջողվում է այդ պրոցեսն իրականացնել։

– Կարծում եք, որ այս շարժումը չի՞ հաջողելու, պարո՛ն Սահակյան։

– Այս շարժումը հաջողելու հնարավորություն ուներ, եթե շարժման վարչապետի թեկնածու չընտրեին Բագրատ Սրբազանին, որովհետև նա խոցելի է իր կարգավիճակով։ Այո՛, նա կարող էր համախմբող դերակատարում ստանձնել, բայց լիդերը պետք է լիներ ոչ հոգևոր տիտղոսակիր: Էլի եմ ասում, պատմության մեջ եղել են նման դեպքեր, բայց դա մեր քաղաքական ավանդույթների տրամաբանության մեջ հիմա չի տեղավորվում, ու Սրբազանն էլ այդ մարդը չէ: 

Եթե գոնե չունենար այդ երկքաղաքացիության խնդիրը, միգուցե այդ հարցը կարողանար լուծել, բայց ո՛նց եք պատկերացնում երկքաղաքացին վարչապետի թեկնածու, դա ուղիղ Սահմանադրության ոտնահարում է։ Մինչև Սրբազանի այդ հայտարարությունը, ես ասում էի, որ պոտենցիալ տեսնում եմ, բայց այդ հայտարարությունից հետո, որ ինքն է վարչապետի թեկնածուն, շարժումը գնալու է ձախողման, որովհետև շատ լավ գիտեն, որ կա Սահմանադրության հետ խնդիր, իսկ այդ խնդիրը չեն լուծել։ 

– Հաշվի առնելով նաև այսօր տեղի ունեցածը՝ Եկեղեցի-իշխանություն հարաբերությունների հետագա ընթացքն ինչպիսի՞ն է լինելու։

– Մեր իշխանությունները պառակտիչ ու քայքայիչ գործունեություն են ծավալում 2018-ից ի վեր ու մինչև հիմա էլ գործում են նույն տրամաբանության մեջ, ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու, բերելու է պառակտման, բախումների ու, ի վերջո, երկրի թուլացման։ Այս օրակարգը շատ ակնհայտ է, ու ակնհայտ է նաև դրա շահառուն, որը հաստատ ո՛չ հայ ժողովուրդն է, ո՛չ Հայաստանը։ Եկեղեցին ու իշխանությունը շատ անթաքույց խոսում ու ցույց են տալիս, որ իրենց մեջ թշնամանք կա։ Իրենց հայտարարություններում, տեքստերում երկու կողմն էլ դա երբեք չեն թաքցրել։ 

– Իսկ այդ թշնամանքի հանգուցալուծումը ո՞րն է լինելու։

– Նիկոլ Փաշինյանի հեռացումը պետք է լինի այս իրավիճակի հանգուցալուծումը։ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանան, բայց Եկեղեցին ու այն քաղաքական հանրույթը, որ այսօր կուտակված է Բագրատ Սրբազանի շուրջ, նրանք ի վիճակի չեն դա անել, որովհետև չունեն քաղաքական լայնախոհություն, չունեն օրակարգ, չունեն գործելաոճ, իսկ նրանք, ովքեր ունեն, համաձայն չեն Բագրատ Սրբազանի գլխավորությամբ այս ամեն ինչին։ 

21-րդ դարում չես կարող նման կերպ պետություն զարգացնել, որն առաջարկում է այս շարժումը։ Այս բախման հետևանքով իրենք բոլորն իրար պետք է ոչնչացնեն, ու այդ ապոկալիպտիկ իրավիճակից հետո, եթե հայ հանրույթը կարողացավ քաղաքական ինչ-որ նոր լուծում, ինչ-որ նոր բան առաջարկել, հնարավորություններ կառաջանան, որպեսզի պահպանենք մեր պետությունը և զարգացման հեռանկարներ ունենանք, եթե չէ՝ չէ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am