Հազվագյուտ խոլորձների ցուցադրություն Երևանում․ «Բույսերը ձեռք ենք բերում բավականին մեծ դժվարությամբ, խնամում մեծագույն սիրով»

Բաղրամյան 56 հասցեում գտնվող «Խոլորձների ցուցասրահ» ծաղկի խանութ-սրահում հավաքվել են 6 բուսասերներ՝ ցուցադրելու հազվագյուտ խոլորձների սեփական հավաքածուները, կիսելու իրենց գիտելիքները դրանց խնամքի հարցում և, ինչու ոչ՝ նաև հպարտանալու դրանցով։ 

Մասնակիցներից յուրաքանչյուրն իր 100-150 բույսերից բաղկացած հավաքածուից ցուցադրել էր ընդամենը մի քանիսը՝ մյուսները հետագայում ևս ցուցադրելու խոստումով։

Մասնագիտությամբ ֆիզիկոս և ծրագրավորող Արամ Մխիթարյանն ասում է, որ իր սերը խոլորձների նկատմամբ ծնվեց կորոնավիրուսի պատճառով՝ 2020 թվականին, երբ ստիպված էր մնալ տանը և իր համար նոր զբաղմունք գտնել։

«Նախքան քովիդը հետաքրքրվում էի խոլորձների սովորական տեսակներով, սակայն ավելի ուշ ինձ սկսեցին հետաքրքրել իմ հավաքածուում ներկայացված՝ ճապոնական էկզոտիկա համարվող խոլորձների այս տեսակները։ Ծաղկող բույսերը հիմնականում հայտնի են իրենց ծաղիկների գեղեցկությամբ, իսկ չծաղկողները՝ տերևների գեղեցկությամբ»,- ասում է Արամը:

Նա հավելում է՝ բույսերը ձեռք է բերում բավականին մեծ դժվարությամբ, քանի որ Հայաստան են հասնում հեռավոր երկրներից, շատ բույսեր էլ երկար ճանապարհին կորցնում են իրենց ծաղիկները։ Այնուամենայնիվ, ասում է՝ նույնիսկ այդ դժվարությունները չեն ստիպում իրենց հրաժարվել հազվագյուտ բույսերի հանդեպ սիրուց։

Սերգեյ Բաբայանն էլ, որը մասնագիտությամբ տնտեսագետ է, հիշում է, որ իր հետաքրքրությունը բույսերի նկատմամբ ծնվեց այն ժամանակ, երբ ծանոթներից մեկն իր կիսամեռ բույսը նվիրեց իրեն, որ ինքը բուժեր։ Ասում է՝ հաջողվեց այդ բույսը բուժել, ու դրա հետ մեկտեղ ծնվեց նաև սերը խոլորձների նկատմամբ։

«Իմ հավաքածուի խոլորձները Բրազիլիայի, Մեքսիկայի, Թաիլանդի և նման այլ երկրներից են։ Սովորաբար մարդիկ սիրում են այն բույսերը, որոնք ծաղիկ են տալիս, սակայն ինձ մոտ հակառակն էր։ Այժմ սկսել եմ նաև ինքս ստանալ բույսերի հիբրիդներ, դեռ սպասում եմ արդյունքներին։

Բուսաբան Հարություն Խալաթյանն ասում է, որ բույսերը ցուցադրելուց բացի, կարևոր է նաև ներդրում ունենալ երկիրը ծաղկեցնելու և բույսերով պատելու հարցում, և իրենք բոլորն էլ պատրաստ են իրենց լուման ունենալու այդ գործում։

«Մարտին, երբ բարձրաձայնել էի Բուսաբանական այգին խոլորձներով պատելու և անվճար հիմունքներով դրանք աճեցնելու մասին, Բուսաբանական այգուց ինձ հետ կապվեցին, ասացին, թե հետաքրքրված են իմ գաղափարով, և որ իրենց այսօր ինձ պես մարդիկ են պետք: Սակայն դրանից հետո նրանք ինձ հետ այլևս չեն կապվել, մինչդեռ ես և բուսաբանների մեր թիմը պատրաստ ենք աջակցելու և ստեղծելու խոլորձներով լեցուն այգի»,- ասում է Հարություն Խալաթյանը։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am