Մեր երկրորդ Քաջ Նազարը

Մեր երկրորդ Քաջ Նազարը
Մեր երկրորդ Քաջ Նազարը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Վրաստանում Սերժ Սարգսյանին ընդունում են իբրև տարածաշրջանային անվտանգության լիդերի: Տարօրինակ հայտարարություն է: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը նույնիսկ ինքն իր համար վաղուց որոշումներ չի կայացնում: Գոնե հասկացե՞լ է պարոն Շարմազանովը, որ իր նստած տեղից միայն Քաջ Նազարին կարելի էր հռչակել տարածաշրջանային անվտանգության լիդեր:

Ավելի հակված եմ կարծելու, որ վրացիները ծաղրել են Սերժ Սարգսյանին: Կամ՝ մեզ: Եթե ամեն ինչ լուրջ է, ուրեմն անվտանգության մասին վրացիների պատկերացումը պետք է փորձաքննվի: Եթե չեն ծաղրել, ուրեմն «լիդեր» բառով վրացիներն ուղղակի համը հանել են: Ի՞նչ է անում այդ մարդը՝ ռուսների՞ն է հեռու պահում վրացիներից: Բայց վրացիներից ինչ պետք էր` ռուսներն արդեն ստացել են: Տարածաշրջանային անվտանգության լիդեր` նշանակում է այդ անվտանգության առաջին երաշխավոր: Իսկ տարածաշրջանում Թուրքիա և Իրան կան:

Ես հասկանում եմ, որ վրացիներն առանց աչք թարթելու ծաղրել են մեզ կամ Սերժ Սարգսյանին, բայց Էդուարդ Շարմազանովը պատմաբան տղա է, ինչպե՞ս դա չի հասկացել:

Վաղն էլ նրանք կարող են հայտարարել, որ առանց Սերժ Սարգսյանի աֆրիկյան Սերինգեյթի արգելոցում ընձուղտը չի ծննդաբերի: Էդ մասին պետք է լրագրողներին ասե՞լ:

Հասկանալի է, որ վրացիների հումորն այստեղ փոքր-ինչ անմարդկային է դրսևորվել: Բայց հայտարարությունները պետք է լինեն այնպիսիք, որ երկրորդելիս չամաչես:

Ասենք, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասում է, որ Հյուսիսային Կորեան կրակի հետ է խաղում, բոլորը հասկանում են, որ դա ասում է Կիմ Չեն Ընի դաշնակիցը: Նշանակում է՝ բանը միջուկային պատերազմին չի հասնի:

Նախ վրացիներից ո՞վ է դա ասել:

Պետք է մանրամասն տեղեկանալ էն խմիչքի թնդայնությանը, որը կոնծելուց հետո վրացի պաշտոնյան ասել է հիշյալ, թույլ տվեք ասել` միտքը: Որովհետև էդ խմիչքից հետո ամենևին բացառված չէ, որ վրացի պաշտոնյան Սերժ Սարգսյանին ընդունել է Էրդողանի կամ Հասան Ռոհանիի տեղը:

Պետք է մտահոգվել նման հայտարարությունն արած մարդու հոգեկան առողջությամբ, եթե խմիչքը կապ չունի: Եթե չեմ սխալվում, վերջերս վրացիներն օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը: Այսինքն` մարիխուանա ծխողին դատ չի հասնում:

Կարելի է բանակցությունների և խնջույքի ներկայանալ ծխելուց անմիջապես հետո: Գուցե հենց դա էլ տեղի է ունեցել այն վրացու հետ, որը նման հայտարարություն է արել: Որովհետև այսպիսի հայտարարության մեջ, ընկերնե՛ր, բանականությունն անելիք չունի: Բանականությունը հրաժարվում է իրեն ճանաչել այսպիսի, կրկին ձեր թույլտվությամբ ասեմ` բոցի մեջ:

Մենք արժանի չէինք այն օրվան, երբ Էդուարդ Շարմազանովի անձնական բարեկեցության երաշխավորը կարող է հռչակվել նաև տարածաշրջանային անվտանգության երաշխավոր: Որովհետև էդ տարածաշրջանում երկու երկիր կա, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, նրանցից մեկի հետ մեր սահմանը պաշտպանում են ամենևին ոչ Ալեքսանդր և Լևոն Սարգսյանները կամ գոնե Սերժ Սարգսյանի անվտանգության ղեկավար Վաչիկը: Էդ սահմանը ռուսներն են պահում:

Ուրեմն էդ երբվանի՞ց Սերժ Սարգսյանը դարձավ տարածաշրջանային անվտանգության լիդեր:

Ամենևին բացառված չէ, իհարկե, որ ՀՀԿ-ում նույնպես ներքին օգտագործման կարգով օրինականացրել են մարիխուանան և նույնիսկ ԼՍԴ-ն, որն ընդհանրապես ոտքերը կտրում է գետնից:

Եվ նրանք «ամենաօրինական» կարգով կարող են հայտարարել ինչ մտքներով անցնի: Բայց սա լուսաբանվում է, ընկերնե՛ր: Վաղը էդ մասին ասած վրացին թմբիրից դուրս է գալու: Ռոհանին ու Էրդողանն էլ հաստատ արդեն Անվտանգության խորհրդի նիստ են հրավիրում, որպեսզի հասկանան, թե ինչպես սիրաշահեն Սերժ Սարգսյանին, որ հանկարծ չփռշտա:

Մհեր Արշակյան

MediaLab.am