Կան համաճարակի որոշակի ռիսկեր՝ անկած կենդանիների ու հեղեղումների հետ կապված. Սերգեյ Չախմախչյան

Processed with MOLDIV

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը

– Պարո՛ն Չախմախչյան, մայիսի 26-ին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով, ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, համաճարակի վտանգ կա Լոռու և Տավուշի մարզերում։ Որքա՞ն եք գնահատում համաճարակի բռնկման հավանականությունն այս պահին։

– Նախ ասեմ, որ այդ մարզերում կան որոշակի ռիսկեր՝ անկած կենդանիների ու հեղեղումների հետ կապված։ Նման իրավիճակ դիտվում է բոլոր այն վայրերում, որտեղ տեղի են ունենում ջրհեղեղներ, ցանկացած նման բնական աղետի ժամանակ նման երևույթներ տեղի են ունենում։ Ընդհանուր առմամբ, մենք ունենք և՛ վայրի կենդանիներ, որոնք ապրում են տվյալ տարածքներում, ունենք նաև գյուղատնտեսական կենդանիներ, որոնք մարդու գործունեության անբաժանելի մասն են կազմում, ու նման իրավիճակում ջրախեղդ են լինում, ու անկած կենդանիներն էլ կարող են հայտնվել տարածքում։  

Լոռու և Տավուշի մարզերում աղետից հետո մենք չունենք հիվանդությունների՝ աղիքային, վարակիչ, հատուկ վտանգավորության հիվանդությունների աճ, որն էլ կարող է մտահոգության տեղիք տալ։

Իհարկե, նման արտակարգ իրավիճակների ժամանակ որոշակի ռիսկեր պահպանվում են, հնարավոր չէ ռիսկերը հարյուր տոկոսով կառավարել։ Ռիսկը գնահատված վտանգն է, եթե մենք կարողանում ենք գնահատել ու հասկանալ, թե ինչքանով կարող են այդ վտանգները սպառնալ մարդուն, մենք կարող ենք ասել՝ գործ ունենք ռիսկի հետ։

Կրկնում եմ, որ այդ ռիսկերն անգամ զարգացած երկրներում հարյուր տոկոսով հնարավոր չէ կառավարել, ու դրանք այս կամ այն կերպ պահպանվում են։ Երբ մենք խոսում ենք ընդհանուր այդ համաճարակաբանական (էպիդեմիոլոգիական) իրավիճակի մասին, որը կապված է կենդանական աշխարհի հետ, պետք է նաև հաշվի առնենք, որ ընդհանուր առմամբ մեծ բեռ է ընկնում այն կառույցների վրա, որոնք զբաղվում են աղետի հետևանքների վերացմամբ։

Այս տեսանկյունից պարոն Սանոսյանի հայտարարությունը, այո՛, մտահոգիչ է, որովհետև կարող է գյուղատնտեսական անկած կենդանիների քանակը շատ լինել, իսկ դրանց ոչնչացման գործընթացը դժվար է։ Հեղեղումների հենց առաջին օրվանից սկսած, ընդհանուր բոլոր գերատեսչությունները՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Առողջապահության նախարարության մեր բաժինը, բոլորն էլ համագործակցում են ու բոլոր առումներով զբաղվում են իրենց հետազոտություններով։ Այս համագործակցությունն ամբողջությամբ ուղղված է այդ ռիսկերի նվազեցմանը, ու այս շրջանակներում էլ բոլոր գերատեսչություններն էլ ամեն մեկն իր մասով զբաղվածություն ունի։

– Այսինքն՝ հիմա համաճարակի ռիսկը փո՞քր է։

– Այո՛, կան ռիսկեր, բայց դրանք կառավարելի են ու գտնվում են պատասխանատու գերատեսչությունների դիտակետում, ամեն մեկն իր մասով զբաղված է այդ ռիսկերի նվազեցմամբ։ ԱՆ-ի տվյալներով՝ այս պահին չունենք վարակիչ, աղիքային, հատուկ վտանգավորության հիվանդությունների ցուցանիշների բարձրացում։

-Պարո՛ն Չախմախչյան, իսկ հեղեղումներից հետո ի՞նչ համաճարակներ են առաջանում սովորաբար։

– Ամենահավանականը աղիքային ինֆեկցիաներն են, որոնք պայմանավորված են ջրի գործոնով, երբ խողովակները վնասվում են, ու ջրերը խառնվում են։ Բայց ասեմ, որ հենց սկզբից աղետի գոտու ջրամատակարարումը, այդ նկատառումներից ելնելով, դադարեցվեց։

Կախված անկած կենդանիների հայտնաբերման հանգամանքից՝ պետք է ասեմ, որ պետք չէ դրանց դիպչել, որովհետև կախված նրանց տեսակից՝ տարբեր տեսակի հարուցիչներ կարող են մնալ կենդանիների օրգանիզմում։ Մարդիկ պետք պաշտպանիչ ձեռնոցներ, հագուստ կրեն, եթե որոշել են զբաղվել անկած կենդանիների ոչնչացման աշխատանքներով, երկարաճիտ կոշիկներ պետք է օգտագործեն, որովհետև այդ կենդանիները ընկղմված են լինում տիղմի մեջ, դեմքը պաշտպանող միջոցներ ևս պետք է օգտագործեն։

Սրանք նվազեցնում են վարակման ռիսկերը։ Պետք է օգտագործեն ախտահանիչներ, այն տարածքներում, որտեղ հայտնաբերվել են անկած կենդանիներ, պետք է հնարավորինս ախտահանիչ լուծույթներով մաքրել։

– Հնարավոր համաճարակային հիվանդություններն այդքա՞նն են։

– Հիմնականը՝ այո՛, բայց ես չեմ ուզում թվարկել բոլորը, որովհետև սպեկտրը կարող է բազմազան լինել, բայց ուզում եմ զգուշացնել, որ հիվանդությունների ի հայտ գալը կախված է հենց մարդու վարվելակերպից, այսինքն՝ որքանով է մարդը գիտակցաբար մոտենում խնդրին, որքանով է իրազեկված նման պայմաններում ճիշտ վարքականոնով առաջնորդվելու վերաբերյալ։

Մեր հաղորդումների, ձեր՝ լրատվամիջոցների միջոցով մարդկանց իրազեկում ենք արտակարգ իրավիճակներում գործելու կարգի վերաբերյալ։ Մեր բոլոր քաղաքացիներին հորդորում ենք անկած կենդանիներ հայտնաբերելու դեպքում դիմել համայնքի անասնաբուժական ծառայություն իրականացնողներին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, գործում է թեժ գիծ՝ 118 հեռախոսահամարով։

– Պարոն Չախմախչյան, իսկ համաճարակաբանական առումով ե՞րբ կարող ենք ասել, որ աղետի գոտին արդեն անվտանգ է մարդկանց բնակության համար։

– Դժվար է հստակ ժամկետներ նշել, որովհետև տարբեր գործոններ են ազդում դրա վրա։ Դա կախված է խոնավության, այդ տարածքները մաքրելու հնարավորության աստիճանից: Որպեսզի այդ տարածքները պիտանի լինեն ապրելու համար, պետք է լինեն մաքրված, չոր, համապատասխանեն սանիտարահիգիենիկ նորմերին։

Քրիստինե Աղաբեկյան