Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու հոդվածով․ գործն ուղարկվել է դատարան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործը, որով վերջինս մեղադրվում է ընտրակաշառք  տալու մեջ, ուղարկվել է դատարան։Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ազգային անվտանգության ծառայությունում քննված քրեական գործով հիմնավորվել է, որ Գագիկ Ծառուկյանը և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը կաշառք են տվել ընտրողներին ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում իրենց դաշինքի և դաշինքի թեկնածուի օգտին քվեարկելու համար։

Գագիկ Ծառուկյանին և Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու հոդվածով։

2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Քրեական գործը հարուցվել էր դեռևս 2020 թվականի հունիսին։ Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանն ԱԺ պատգամավոր էր, Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել Ազգային ժողով։ Դատախազի միջնորդությունները բավարարվել էին։ 2020 թվականի սեպտեմբերին Գագիկ Ծառուկյանը կալանավորվել էր։ Նույն տարվա հոկտեմբերի 22-ին դատարանը որոշում էր կայացրել Գագիկ Ծառուկյանին ազատ արձակել 100 միլիոն դրամ գրավի դիմաց։