Ռուսաստանի իշխանությունը Հայաստանին և հայ ժողովրդին խաբել ու մենակ էր թողել․ ԱԺ նախագահ

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում մշտապես իրեն որպես հավատարիմ գործընկեր է պահել և մինչև վերջին պահը հավատացել, որ Ռուսաստանը Հայաստանին մենակ չի թողնի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից  Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը բողոքի նոտա հղելը Ուկրաինայի Բուչա քաղաք հայկական պատվիրակության այցի առիթով։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ այցը որակել էր որպես «ոչ բարեկամական քայլ Երևանի կողմից»։

«Ես ԱԳՆ-ի փոխարեն չեմ պատրաստվում որևէ բան մեկնաբանել ոչ բարեկամական գործողությունների մասին։ Թող իրենք իրենց գործողություններին նայեն 2020 թվականից հետո։ Հայաստանը մշտապես իրեն որպես հավատարիմ գործընկեր է պահել, երեխայի միամտությամբ հավատացել է, մինչև վերջին պահը հույս է ունեցել, որ Ռուսաստանը Հայաստանին մենակ չի թողնի, որ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին չի «գցի»։ Հազար ներողություն այդ բառի համար։ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին Ռուսաստանի իշխանությունը «գցել» է։ Մեզ խաբել են, մեզ թողել են մենակ»,-ընդգծեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նշեց, որ թեթև նախանձով և զարմանքով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հազարավոր հրթիռները, Կիպրոսից ինքնաթիռներ բարձրացան՝ օգնելու Իսրայելին։

«Ես չեմ խոսում նրա մասին, թե արդյոք արժեր թույլ տալ, որ 44-օրյա պատերազմը լիներ, արդյոք Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականին այդքան թույլ էր (այդ ժամանակ Ուկրաինայում պատերազմ չկար), որ թույլ տվեց, որպեսզի մտնեն ու մեր տղաներին կոտորեն։ Արդյոք Կասպից ծովում մի նավ չկա՞ր, որ մի քիչ մոտ գար Ադրբեջանին։ Էլ չեմ խոսում ամբողջ պատերազմի ընթացքում, որ մենք միամիտ երեխաների պես հույս ունեինք, որ ինչ-որ ձևով կարող ենք պատերազմը կանգնեցնել և բոլոր հնարավոր տարբերակները փորձել ենք»,-եզրափակեց Սիմոնյանը։