Հիմա շատ ավելի ծանր պատիժ է նախատեսված, երբ բռնություն կիրառվի զուգընկերոջ նկատմամբ. Զարուհի Բաթոյանը՝ ուժի մեջ մտած օրենքի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությա պատգամավոր Զարուհի Բաթոյանը

– Տիկի՛ն Բաթոյան, ձեր համահեղինակած օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտնում, խոսքս «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի մասին է, որի 23 հոդվածից 11-ը ենթարկվել են փոփոխության։ Որքանո՞վ է այս օրենքը կարողանալու կանխել ընտանեկան բռնությունները։

– Բարդ հարց եք տալիս այն իմաստով, որ նախորդ օրենքն էլ նույն գործառույթներն ուներ, բայց, իմ կարծիքով, ամենակարևորը՝ կանխարգելման իմաստով, հանրային իրազեկումն է, և այս իմաստով կարևոր եմ համարում նաև Քրեական օրենսգրքի փոփոխությունները։ Որոշակի հոդվածներում ծանրացնող հիմքեր են ավելացել, շուրջ 19-20 հոդվածում ծանրացնող հիմքեր ենք ավելացրել՝ մերձավոր ազգականի, զուգընկերոջ, նախկին զուգընկերոջ կողմից արարք կատարելու դեպքում։ 

Կանխարգելման իմաստով, ես կարծում եմ, օրինակ՝ դրանց մասին տեղեկությունները կարող են որոշակի դեր խաղալ, եթե մարդը տեղեկացված է, թե ինչ պատժի միջոցներ են գործում այս կամ այն բռնության դեպքում, եթե դրանք կիրառում է իր ընտանիքի անդամի, ընտանիքի նախկին անդամի, զուգընկերոջ, նախկին զուգընկերոջ նկատմամբ։ 

Կարծում եմ, ևս մեկ անգամ առիթ կտան մտածելու, բացի այդ՝ նոր կարգավորում ենք սահմանել հետամտման համար, անգլերեն stalking-ն է սա, որպեսզի չշփոթենք։ Սա ամբողջությամբ նոր հոդված է, նոր հանցակազմ է Քրեական օրենսգրքում, որը նախկինում որևէ կերպ պատժի չէր արժանանում, ու որևէ կարգավորում չկար այս իմաստով։ 

Բացի այդ՝ մենք նաև պաշտպանության միջոցների դեպքում ենք բավականին փոփոխություներ արել, սա արդեն «Ընտանեկան բռնության մասին» օրենքն է: Գիտեք, որ օրենքի փաթեթ է ընդունվել, այսինքն՝ այն մեծ փաթեթ է, որը տասը օրենսգիրք է ներառում, հիմնական փոփոխությունները չորսում են եղել։ «Ընտանեկան բռնության մասին» օրենքում նաև պաշտպանության միջոցներն են վերանայվել, տարբեր մեխանիզմներ են վերանայվել, օրինակ՝ ինչ-որ որոշումներ են ուժի մեջ մտնելու և այլն, ու ես կարծում եմ, որ դրանք կարող են կանխարգելիչ դեր խաղալ, ու հատկապես՝ դրանց մասին իրազեկումը, այսինքն, եթե մենք այդ մասին մարդկանց չտեղեկացնենք, դա՝ որպես կանխարգելում դժվար աշխատի, դա կարող է աշխատել հետագայում պաշտպանության կամ պատժելու համար, բայց այս օրենքը պաշտպանության մասին է, այլ ոչ թե պատժելու։

– Այսինքն՝ նոր օրենքով ավելի շատացել է պատժվողների ցանկը, պաշտպանության միջոցները, ճի՞շտ հասկացա։

– Քանի որ փաթեթը ներառում է և՛ «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, և՛ Քրեական օրենսգիրքը, այո՛, դա պատժելու համար է, բայց այն միայն պատժելու միջոց չէ: Օրինակ՝ եթե մարդը գիտի, որ Քրեական օրենսգրքով այսուհետ ավելի ծանրացնող պատիժ է հասնում այն դեպքում, երբ ինքն այդ արարքը կիրառել է զուգընկերոջ, այլ ոչ թե փողոցում անծանոթի նկատմամբ էր այդ բռնությունը կիրառում ու նախկինում պատժվում էր նույն կերպ, հիմա շատ ավելի ծանր պատիժ է կրելու։ Այս մասին իրազեկումը, կարծում եմ, կարող է կանխարգելել։ 

Եվ մյուսը՝ ի՞նչ է հետամտումը, որը երբեք չի եղել հոդվածով, բայց որը բավականին լայն կիրառում ունի ոչ միայն աշխարհում, այլ նաև Հայաստանում: Կոնկրետ հոդվածը մարդուն հետևելով, տարբեր տեխնոլոգիաներ կիրառելով հաղորդակցման, անցանկալի հաղորդակցման մեջ մտնելն է՝ աշխատավայր, ուսման վայր, զբաղմունքի վայր այցելելու միջոցով, նաև անձնական իրերի վրա մատնահետքեր թողնելը, եթե այդ արարքը իրականացվի պարբերաբար, և վախ ու անհանգստություն առաջացնել մարդու անվտանգության նկատմամբ։ Այսինքն՝ այս մասով, այո՛, կարող է պատժվել ու կանխարգելվել։ 

Իսկ «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ամբողջությամբ հիմնականում պաշտպանության միջոցների մասին է, որովհետև միայն այդ օրենքով են գործում պաշտպանության միջոցները, այսինքն՝ բացի այն, որ մարդը պատժվում է, այստեղ զոհն ունի պաշտպանվելու հնարավորություն, օրինակ՝ սահմանափակել բռնարարի հետ շփումները, հանդիպումները, հաղորդակցումները, անվտանգ միջավայր տեղափոխվելու կամ բռնարարին այնտեղից հեռացնելու, պաշտպանության ժամկետներն ենք վերանայել, ինչպես նաև առողջապահական ծառայություններից օգտվելու, որոնք կապված են այդ բռնության հետևանքների հետ, այսինքն՝ ոչ թե առաջնային օգնություն, այլ առողջապահական ընդհանուր ծառայություններ, եթե բռնության հետևանքով է եղել և այլն, և այլն։ 

Այսինքն՝ այս մի օրենքը ավելի շատ ու հիմնականում զոհին պաշտպանելու համար է, իսկ Քրեական օրենսգիրքը, բնականաբար, ընդհանուր հանցակազմերից բացի՝ նաև ծանրացնող հիմքեր է սահմանում ընտանիքի անդամների ու ընդհանրապես ընտանեկան բռնության սուբյեկտների համար։ 

– Տիկի՛ն Բաթոյան, սա այն օրենքներից էր, որը շատ ու բուռն քննարկվեց, ձեր ընդդիմախոսները նշում էին, որ այս փոփոխություններով ձեր քաղաքական թիմը փորձում է օրինականացնել համասեռամոլությունը, շատ քննարկվեց հենց «զուգընկեր» բառի ներմուծումը։ Իրականում այս օրենքը նման բան ենթադրո՞ւմ է։

– Կարծում եմ, որ դրանք իրենց հիմնական թեզերն էին, այն մանիպուլացնող մոտեցումները, որոնք 2019-ից կային, երբ մենք խոսում էինք կանանց իրավունքների, ընտանեկան բռնություններից պաշտպանվելու, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու մասին։ Պարզապես այդ թեզերը նախկինում տարբեր մանիպուլացնող խմբակների կողմից էին հնչում, բայց այս անգամ դա նաև արվեց խորհրդարանի ընդդիմության կողմից, այսինքն՝ որոնք մարդկանց, որոնք պատգամավորներ են ու ի սկզբանե պետք է պաշտպանեն բոլոր քաղաքացիների իրավունքները ու այսպիսի հոմոֆոբ կարծիքներ հանրայնորեն արտահայտելու՝ ոչ թե իրավունք չունեն, այլ դա, համենայնդեպս, ես իրենցից չէի ակնկալում։ 

Քննարկումների ժամանակ ես նշել եմ, որ այս օրենքը բոլոր համար է ու կարող է վերաբերել բոլորին, ինչպես ցանկացած այլ օրենսդրական նախագիծ։ Այստեղ հատուկ խրախուսում, հատուկ պաշտպանություն՝ որպես այդպիսին չկա, ընտանեկան արժեքներին, ընտանիքի սահմանմանը չկա անդրադարձ, ընդհանրապես այդ արժեքների, որոնք իբրև թե հղում էին անում, դրանց մասին չէին այս նախագիծը ու օրենքն ի սկզբանե, որը, ի դեպ, ընդունվել է 2017-ին: 

Այդ նույն ընդդիմադիրները այն ժամանակ՝ որպես իշխանություն, բերել են այդ նախագիծն ու կողմ են քվեարկել դրան, իհարկե որոշ փոփոխություններ ենք մենք արել, որոնք ավելի լայնացնում են շրջանակը ու թույլ են տալիս պաշտպանվելու նաև զուգընկերային հարաբերություններում բռնության ենթարկվելու դեպքում: Դա չկար, սա մեծ բաց էր, ու այն մեզ առաջարկել է լրացնել իրավապահ համակարգը, որովհետև իրենք չունեին այդ գործիքները։

– Բազմաթիվ օրենքներ կան ընդունված, բայց թե՛ հանրությունը, թե՛ մասնագիտական որոշ շրջանակներ մշտապես պնդում են, որ դրանք մնում են թղթի վրա, այսինքն՝ գործնականում կիրառություն չեն ստանում։ Կլինի՞ սա նմանատիպ հերթական օրենքը, թե՞ իսկապես կիրառություն կգտնի, և ի՞նչ է արվել օրենքը գործնականում կիրառելու համար։ 

– Նախ՝ վիճակագրությունն արդեն ցույց է տալիս, որ այս օրենքն ուղղակի թղթի վրա մնացող օրենք չէ, այն իմաստով, որ կրկնապատկվել է բռնության դեպքերի պաշտոնական գրանցումը: Սա չի նշանակում, թե բռնությունն է ավելացել, սա նշանակում է, որ մարդիկ սկսել են դիմել իրավապահ մարմիններին ու օգտվել օրենքի ընձեռած հնարավորություններից:

Իհարկե, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք դեռևս պետք է լուծենք՝ հատկապես ոստիկանության, իրավապահ մարմինների վերապատրաստումները, այսինքն՝ նաև այստեղ նոր փոփոխությունների վերաբերյալ գործիքակազմեր են պետք, որովհետև կառավարության մեր գործընկերներն էին մտահոգություններ հայտնում, որ այս փոփոխությունները, օրինակ՝ նույն հետամտման կամ զուգընկերոջ սահմանումը այնքան էլ հեշտ չի լինի ապացուցել: 

Այո՛, այդ բոլոր մտահոգությունները հասկանալով՝ մենք պետք է առնվազն միջազգային լավագույն փորձը ներդնենք ու այդպես էլ արել ենք, ու պետք է նշեմ, որ Հայաստանն այն երկրներից է, որ նույն, օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիան չվավերացրած՝ մենք այս մեր օրենսդրությունը համապատասխանեցրել ենք հենց նաև այդ կոնվենցիայի սկզբունքներին, այլ միջազգային փաստաթղթերով մեզ արված առաջարկներին և այլն։ 

Այսինքն՝ այստեղ ոչ միայն խնդիրներ ենք վեր հանել ու լուծել, այլև հընթացս համաձայնեցրել ենք միջազգային ընդունված ստանդարտներին։ Թե ինչպես կլինի նաև արդեն պրակտիկայում, բնականաբար, մենք ունենք նաև վերահսկողական մեխանիզմներ, անընդհատ վերապատրաստումներ օրենքն իրացնողների նկատմամբ և շատ սերտ համագործակցություն պետք է ունենանք քաղհասարակության կազմակերպությունների հետ, որոնք նաև պետության գործընկերներն են ու աշխատում են շատ սերտ: Այստեղ իրենք ոչ միայն ծառայություններ են մատուցում զոհերին, այլ նաև օգնում են իրավապահ համակարգին այդ խնդիրներին ավելի հասցեական արձագանքելու։ Այսինքն՝ սա բազմակողմանի համագործակցության արդյունքում պետք է լուծվի, ինչքան մենք բոլորս, այդ թվում նաև՝ հանրությունը, միասին լավ աշխատենք, այնքան օրենքն արդյունավետ կլինի։ 

Իհարկե, քաղաքացիներն էլ պետք է իմանան, որ շատ բան նաև իրենցից է կախված, իրենք պետք է աշխատեցնեն այս օրենքն ու մեխանիզմը, եթե իրենք չդիմեն իրավապահ մարմիններին, շարունակեն լռել և ուղղակի համբերեն, խնդիրները, բնականաբար, չեն լուծվելու։ Ձեր հարցի հիմնական պատասխանն այն է, որ պետք է բազմակողմանի համագործակցության արդյունքում, անընդհատ կարողությունները զարգացնելու արդյունքում առաջ գնանք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am