ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ պաշտոնապես մեկնարկեց Հրատապ արձագանքման հարթակը

Սեպտեմբերի 6-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ արդիականացված Հրատապ արձագանքման հարթակը, որի միջոցով Հայաստանի կառավարությունն առավել արդյունավետորեն կկարողանա համակարգել հրատապ արձագանքման իրավիճակում հայտնված անձանց տրամադրվող օժանդակությունը։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից:

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի կառավարությունը բարելավել է Հրատապ արձագանքման հարթակը՝ առավել արդյունավետ կերպով համակարգելու կարիքի մեջ գտնվող ընտանիքներին հասցեագրվող պետական օժանդակությունը՝ աղետների և հրատապ արձագանքման  իրավիճակներում։ 

«Կարծում եմ, որ արդիականացված հարթակը կբարելավի սոցիալական ծառայությունների տրամադրումը տուժած բնակչությանն արտակարգ իրավիճակների ժամանակ, կբարելավի տվյալների հասանելիությունը տեղեկացված որոշումներ կայացնելու նպատակով և կբարձրացնի ճգնաժամերին արդյունավետորեն արձագանքելու ընդհանուր պատրաստակամությունը»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն միջոցառման ժամանակ հնչեցրած իր ելույթում։ 

Այս նախաձեռնությունը խթանում է հրատապ արձագանքման իրավիճակների ժամանակ սոցիալական պաշտպանության ծառայությունների պլանավորումն ու համակարգումը: Այս արդիականացված գործիքը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջնորդվող սոցիալական պաշտպանության ոլորտի ընթացիկ բարեփոխումների կարևոր մաս է կազմում:

«Մեր նախկին փորձը ցույց է տվել, որ նմանօրինակ հարթակներն արդյունավետ գործիք են առկա մարտահրավերներին արագ և նպատակային արձագանքելու գործում։ Հրատապ արձագանքման հարթակը թույլ կտա ցանկացած իրավիճակում լինել պատրաստ ու հնարավորություն կտա մասնավոր նախաձեռնություններին ևս գույքագրել առկա ռեսուրսները՝ լինելով վստահ, որ ցանկացած իրավիճակում իրենց տնօրինած ռեսուրսները կբաշխվեն հասցեական ու կծառայեն թիրախային նպատակին»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Այս ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, Դիմոքրասի Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով։ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը մշակել և բարելավել է սույն թվային հարթակը։ 

Համակարգը բաց է, հասանելի, և սպասարկում է՝   

  1. այն անձանց կամ ընտանիքներին, որոնք վերջին 72 ժամում տուժել են այնպիսի իրավիճակներից, ինչպիսիք են հեղեղում, ջրհեղեղ, կարկտահարություն, ցրտահարություն, փոթորիկ, ուժեղ քամի, 

երկրաշարժ, սողանք, փլուզում, հրդեհ, համաճարակ, համավարակ և մեկուսացում,

  1. այն կազմակերպություններին և անհատներին, որոնք ցանկանում են տրամադրել ռեսուրսներ ՀՀ կառավարությանը՝ հրատապ արձագանքման   իրավիճակներից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով։

Հրատապ արձագանքման հարթակում գործում է նաև սոցիալական աջակցության քարտեզ, որն ապահովում է հասանելիություն տուժած մարզում գործող աջակցության ծառայություններին։