Հայաստանը մահվան մահճում

Վահրամ Թոքմաջյան

Երբ մարդիկ հասունանում են, դառնում ինքնուրույն, աշխատում են տուն ունենալ։ Մեկին դա հաջողվում է, մյուսը մինչև կյանքի վերջը վարձով է ապրում կամ ծնողների տանը, երրորդին այդ տունը նվիրում են և այլն։ 

Սեփական խելքի երեսից տուն ունեցողը կարող է կորցնել այդ տունը՝ տրվել հարբեցողության, թմրամոլության, այլ թուլությունների կամ պարզապես փորձանքի մեջ ընկնել։ Իսկ էժան տուն առնողներ միշտ էլ կհայտնվեն։ 

Այդպես են լինում նաև ցեղերը։ Դրանք հասունանում, դառնում են ժողովուրդ ու ազգ և մի օր էլ տուն են ունենում։ Տուն, որը մենք կոչում ենք պետություն։ 

Աշխարհում կա 5000 էթնիկ հանրություն (ցեղ, ժողովուրդ, ազգ), դրանցից միայն 200 երջանիկներն ունեն սեփական «տուն»՝ պետություն։ Այդ թվացյալ երջանիկների շարքում է նաև հայը։ 

Վանոն մի առիթով նկատում է․«Եթե այդ անկախ պետության սահմանները համընկել են Նիկոլ Փաշինյանի ծննդավայրի սահմանների հետ, դա չի նշանակում, որ աշխարհը մեզ դեռ պարտք է մեկական Հայաստան էլ Ադրբեջանում՝ Ռոբի համար, Խոյում՝ պարսկաստանցի Հրանտի, Վասպուրականում՝ Վազգեն Մանուկյանի, Պոլսում, թե որտեղ՝ մի հատ էլ Պարույր Հայրիկյանի համար։ Երկիրը հենց նրանով է կայանում, որ նրա սահմանները առաձգական չեն։ Մի երկիր չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երևակայությանը»։

Ես չգիտեմ, թե ինչ մոգական պայծառատեսությամբ է Վանոն 2002-ի թվականին սահմանների նկարագիրը տալիս Նիկոլ Փաշինյանից, բայց որ երկիրը պատանդ է եղել ու մնում որոշ զավակների սանձարձակ երևակայությանը՝ դա փաստ է։ 

Ընդհանրապես մենք եղածը, ունեցածը, հավաքական առումով չգնահատելու բացառիկ տաղանդ ունենք։ 2000 տարվա մեջ մի անգամ էր հաջողվել երկրի սահմանները ստարտային վիճակից ընդլայնել։ Սակայն բութ համառությամբ անունը դրեցինք հայրենասեր պահանջատիրություն ու «դավաճան չկոչվելու» բարդույթով դա էլ կործանեցինք։ 

Հիմա անցել ենք այս վերջին մնացուկներին։ Նախագիծ, որը կոչվում է Հայաստան։ Ընդհանրապես մենք պետություն չենք սիրում։ Մենք պետության մասին երազել ենք սիրում։ Դա նմանվում է այն դալուկ պատանու ցնորամիտ բորբոսին, երբ երազանքներում հուռթի կին է պատկերացնում, բայց պատեհության դեպքում չգիտի, թե ինչպես վարվել։ 

Տեսեք՝ 1918–ին մենք ունեցանք այդ պատեհությունը։ Բայց հետագայի պատմաբանները կգրեն, որ բոլշևիկա-թրքական պիղծ սադրիչները կործանեցին մեր հայրենիքը։ 

«Բոլշևիկա-թրքական» սադրիչներ կան ամենուր, բայց, չգիտես ինչու՝ նրանց չի հաջողվում կործանել «դալբայոբ» շվեյցարացիների կամ «ծյապիկ» ֆրանսիացիների հայրենիքը, բայց հայի հայրենիքը կործանել միշտ ստացվում է։ 

Հետո եկան ինչ–որ ձյաձաներ հյուսիսից ու մեզ ասացին, որ դուք ունեք նոր պետություն, շնորհավորում ենք։ Իհարկե առանձնապես չհասկացանք, թե այդ պետությունն ի՛նչ է ու ի՛նչ պետք է անել դրա հետ, բայց մարդկային առաջնային բնազդներից մեկը՝ ուտելը, աշխատեց։ 

Սովետական-սոցիալիստական հոգեխառնվածքով մարդը սկսեց գողանալ այդ պետությունից։ Նա ոչ մի հարգանք չուներ պետության սեփականության նկատմամբ։ 

«Համաժողովրդական» սեփականության ոգին նրան ստիպեց պետության ունեցվածքը համարել ոչ մեկինը՝ հետևաբար անտեր։ 

Իսկ անտեր բանը կարելի է տուն տանել։ Տարան ու տարան, մինչև հերթը հասավ պետությունը տանելուն։ Հետո ինչ-որ մի փուլ եկավ, որը մենք կոչեցինք «ազգային զարթոնք»։ 

Թվում էր, թե ծերության կնիքը ճակատին ու աշխարհի ամենահին ազգի հորջորջը մտքի մեջ՝ պետք է որ մի քիչ խելք ունենայինք։ Բայց պարզվեց, որ կրկին ոչ։ 30 տարի ամեն ինչից կտրեցինք՝ ուսուցչին քիչ վճարեցինք, թոշակառուին նորմալ թոշակ չտվեցինք, հիվանդին թողեցինք դրամահավաքի հույսին, որ բանակ ստեղծեինք, իսկ վերջում՝ Պապի ու Տիգրան Մեծի երկվությամբ տառապող մեկը հրամայեց գյուղապետներին ջոկատներ կազմել։ 

Իսկ դա նշանակում է վերադարձ ֆիդայականություն, վերադարձ անպետականություն։ Քուրդը դրա իրավունքն ունի, որովհետև քրդի երազանքը՝ պետությունը, դեռ իրագործված չէ։ 

Հայն իրավունք չունի վերադառնալ 19-րդ դար։ Հայի երազանքը, արդեն թվացյալ կամքից անկախ, իրագործվել է։ Մնում էր «բեջուռա» ազգերի նման պահել–պահպանել, բայց արի ու տես, որ մեզ իրական պետություն պետք չէ։ Մեզ երևութական է պետք։ 

Անհրաժեշտ է, որ սա էլ կործանվի, ու մենք լոսերում, պսկովներում ու նիժնիտագիլներում շաբաթ-կիրակի օրերին Սևրի քարտեզը փռենք ու խորովածին զուգահեռ հայրենասիրաբար երազենք, իսկ երրորդ բաժակից հետո, սրով լինի, թե հրով, հասնենք Արարատ, չէ՞ որ Արարատը մեր լեռն է, իսկ Եղեռնն էլ թուրքի բեռն է։

Իսկ ինչո՞ւ է այդպես։ Մենք պետություն չենք սիրում, մենք պետություն չենք զգում, պետությունը մեր արյան մեջ չէ, այդ պետությունը չենք գիտակցում։ Իսկ չկա, որովհետև չեն սովորեցրել, իսկ սովորեցնել փորձողին էլ ստորացրել ենք, պախարակել ու պիտակել։

Կանցնեն տարիներ, ու աշխարհը հեռավոր Լոսում մի Հայաստան էլ մեզ պարտք կլինի չարբախցի Աբուլիկի համար։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am