Մոդին «պատմական» է անվանել Թրամփի կանխատեսված հաղթանակը նախագահական ընտրություններում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ այն համարելով «պատմական», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Սրտանց շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին ընտրություններում տարած իր պատմական հաղթանակի կապակցությամբ: Մինչ Դուք ընդլայնում եք ձեր նախորդ ժամկետի հաջողությունները, ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցության նորացմանը՝ Հնդկաստանի և ԱՄՆ-ի համապարփակ գլոբալ և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար», – գրել է Մոդին X սոցիալական հարթակում:

«Եկեք միասին աշխատենք՝ ի բարօրություն մեր ժողովուրդների, և նպաստենք գլոբալ խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը», – հավելել է Հնդկաստանի ղեկավարը:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին այն բանից հետո, երբ Fox News-ը կանխատեսել է, որ նա հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին։ Ըստ Fox News-ի՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ Ըստ այլ լրատվամիջոցների տվյալների՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 267 ձայն, Հարիսը՝ 224։ 

Թրամփն ընտրվելու կապակցությամբ արդեն շնորհավորանքներ է ստացել աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հունգարիայի, Իսրայելի ղեկավարներից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից։