2020 թվականից հետո պատերազմը չավարտվեց, Ադրբեջանը տարբեր մեթոդներով այն շարունակում է մինչ օրս. Վահրամ Բալայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը

– Պարո՛ն Բալայան, 100 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է, ինչպե՞ս է արցախահայությունը դիմանում այս իրավիճակին։ Սպասելի՞ էր, որ շրջափակումն այսքան երկար կձգվի։

– Սպասելի էր այն տեսանկյունից, որ մինչ այդ էլ ադրբեջանական այդ սպառնալիքները անընդհատ կային, ընդհանրապես, երբ տեսնում ես, թե իրականում Ադրբեջանն ինչ նպատակ ունի, բնավ զարմանալի չէ կատարվողը, որովհետև իրենք անընդհատ խոսում են Արցախն էթնիկ զտումների ենթարկելու, Արցախին տիրելու մասին։ Մյուս կողմից՝ պետք է ասեմ, որ արցախահայությունը որոշակի փորձառություն ունի, որովհետև նույն 1989, 90, 91 թվականներին այս նույն իրավիճակում է ապրել մեր ժողովուրդը։ 

Իհարկե բավականին ծանր է շրջափակումն այն տեսանկյունից, որ կենցաղային, սոցիալական, տնտեսական, առողջապահական ու այլ կարգի բազմաթիվ խնդիրներ են առաջացրել, բայց մենք գիտակցում ենք, որ սա շարունակվող պատերազմի մի մասն է, որովհետև 2020 թվականից հետո պատերազմը չավարտվեց, ցավոք սրտի, Ադրբեջանը տարբեր մեթոդներով այն շարունակում է մինչ օրս։ Իսկ ադրբեջանական կողմի այդ քաղաքականությունն ունի մեկ նպատակ՝ հայաթափել Արցախը վերջնականապես։ 

– Արցախահայությունը հաճախ է հնչեցնում այս հարցը՝ «էլի կրենք այս զրկանքները, բայց իմանանք՝ հանուն ինչի՞ են սրանք», ինչի՞ համար է Արցախը դիմանում այս շրջափակմանը։

– Կա մի ճշմարտություն, որ առանց պայքարի մարդ չի կարող պաշտպանել իր հայրենիքը, սա բանաձև է, որով ապրել են աշխարհի ժողովուրդները ու ապրում են մինչ օրս։ Իհարկե հոգեբանորեն դժվար է դիմակայել այս ամենին, բայց, կարծում եմ, որ բնակչության գերակշիռ մեծամասնությունը գիտակցում է ստեղծված իրավիճակի խորքային էությունը ու դրանից ելնելով էլ պայքարում է իր հայրենիքում ապրելու, իր պապերի ստեղծածը պահելու համար։

– Հայկական երկու պետության թե՛ հասարակությունը, թե՛ իշխանությունը այս հարյուր օրվա ընթացքում արե՞լ են հնարավորն ու անհնարինը, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակվեր, թե՞ կարող էին ավելին անել։ Ձեր գնահատականը խնդրեմ։

– Կարծում եմ՝ արվել է, որովհետև Ադրբեջանն անընդհատ պայմաններ էր դնում, իսկ Արցախի իշխանություններն ինչ-որ ձևով փորձում էին իրականություն դարձնել այնքանով, որքանով դա հնարավոր էր, բայց հասկանալի է, որ Ադբեջանն իրականում բոլորովին այլ նպատակ ուներ։ Բայց Ադրբեջանը վերջիվերջո պետք է հասկանա, որ սա սխալ քաղաքականություն է, որ մեզ անընդհատ ահաբեկելով անհնար է հասնել ինչ-որ նպատակի։ Այս հարցի լուծումը պետք է ապահովվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ ի նպաստ թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի ժողովուրդների: 

– Իսկ միջնորդ կողմերի, միջազգային հանրության քայլերն այս օրերի ընթացքում բավարար համարո՞ւմ եք։

– Ընդհանուր առմամբ, գոհունակությամբ պետք է նշեմ, որ միջազգային կառույցների, տարբեր երկրների կողմից արձագանքները գնահատում ենք ու շնորհակալ ենք, բայց մենք սպասում ենք ավելի առարկայական քայլերի, որովհետև իրականությունը ցույց է տալիս, որ իրավական տեսանկյունից հարցը լուծում չի ստանում, ու Ադրբեջանը շարունակում է արհամարհել միջազգային հանրության կարծիքը և փորձել ուժի սպառնալիքի միջոցով հասնել իր նպատակին։ Երկարատև խաղաղության ու Ադրբեջանին զսպելու համար պետք է որ միջազգային կազմակերպությունները, գերտերությունները գործնական քայլեր ձեռնարկեն։ 

– «Այդպիսի օրինակներ կային Մինսկի համաձայնություններում՝ Արևելյան Ուկրաինայի բնակիչների վերաբերյալ։ Այդ իրավունքների մեջ մտնում են մայրենի լեզվի, կրթության իրավունքը, ապրելն ու աշխատելն այդ լեզվով, մշակույթը, կրոնը պահպանելը, տեղական ինքնակառավարում, հատուկ տնտեսական ու առևտրային կապեր ունենալն իրենց հայրենակիցների հետ։ Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր։ Մոտավորապես, նույն իրավունքներն են նախատեսվել 10 տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև ստորագրված համաձայնագրում՝ Կոսովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման մասին համաձայնագրով։ Ես կարծում եմ, որ ղարաբաղցիների համար անհրաժեշտ է մոտավորապես այդպիսի իրավունքների փաթեթ». ՌԴ արտգործնախարարի այս մտքին համակարծի՞ք եք, պարո՛ն Բալայան։

 – Տարբեր ժամանակահատվածներում հնչել են տարբեր հայտարարություններ, բայց մեզ համար որպես ելման կետ պետք է ընդունենք ՌԴ նախագահի ամիսներ առաջ ասած հետևյալ միտքը, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այսինքն՝ հստակ ընդգծվում է, որ կա հակամարտություն ու դրա լուծման անհրաժեշտություն։ Պետք է նաև նշել, որ սա միայն ռուսական կողմը չէ, որ արձանագրել է, այլ նաև՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Պետք է հիմնովին լուծում ապահովվի երկարատև խաղաղության հիմքով։

– Լիահու՞յս եք, որ արցախահայության այս զրկանքներն ի վերջո կբերեն ձեր ասած հիմնարար լուծմանը։

– Իհարկե ճանապարհի բացումը որոշակիորեն կմեղմի այն խնդիրները, որոնք կան Արցախում, բայց մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի ձեր ասած այդ հույսերը, որոնք ունեմ ես, արցախահայությունը, ինչու չէ՝ ողջ հայությունը, իրականություն դառնան։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am