Քիմ Քարդաշյանն իր «SKIMS» արտադրությունը Հայաստան բերելու մեծ պլաններ ունի

Քիմ Քարդաշյանն իր «SKIMS» արտադրությունը Հայաստան բերելու մեծ պլաններ ունի
Քիմ Քարդաշյանն իր «SKIMS» արտադրությունը Հայաստան բերելու մեծ պլաններ ունի

Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան զարմանալի նորություններ է խոստանում, քանի որ, ինչպես աստղն է նշում, ունի մեծ ծրագրեր:  Նա չի բացառել ապագայում Հայաստանում իր «SKIMS» ապրանքանիշի արտադրությամբ աշխատատեղեր բացելու հեռանկարը:

Քարդաշյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում՝ արձագանքելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի քննադատական գրառմանը այն մասին, որ Քիմը պատրաստվում է «SKIMS» ապրանքանիշի  արտադրություն հիմնել Թուրքիայում:  

Հանձնախումբը, շնորհակալություն հայտնելով Քարդաշյանին Հայոց ցեղասպանության ճանաչման  և գլոբալ իրազեկության բարձրացման գործում առաջնորդության ջանքերի համար, նկատել էր, որ նա ծրագրում է արտադրությունը հիմնել Թուրքիայում, ոչ թե Հայաստանում, որը հայտնի է իր արհեստագործությամբ և ծառայություններով: 

«Շնորհակալություն ձեր մտահոգությունների և աջակցության համար:  Երբ ես երազում էի ունենալ իմ սեփական ընկերությունը, ես ցանկանում էի, որ ամեն կտորը պատրաստվի հնարավոր ամենալավ եղանակով, ամենալավ մատերիալից, սկսած նախագծման փուլից մինչև ստեղծում, փորձարկում, նորարարություն և մատուցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Քարդաշյանը:  Նրա խոսքով՝ չի ցանկանում, որ անցյալի իրադարձությունները հիմք հանդիսանան որևէ մեկի կամ որևէ ազգի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար: Քարդաշյանն ընդգծել է, որ հանձնառու է մնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջմղման ջանքերին:

«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ես կայցելեմ Հայաստան և հույս ունեմ գտնել ուղիներ՝ ավելացնելու առևտրաշրջանառությունը և լիահույս եմ ստեղծել աշխատատեղեր հայաստանցիների համար, որը կարող է ապագայում ներառել նաև «SKIMS»-ի արտադրությունը: Ես այս ուղղությամբ տքնաջան աշխատել եմ և հույս ունեմ, որ Հայաստան իմ այցելությունը կբերի զարմանալի նորություններ, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ»,-նշել է Քարդաշյանը:

SKIMS-ը Քիմ Քարդաշյանի հիմնադրած նոր՝ լուծումներ առաջադրող ուղղությունն է ներքնաշորերի արտադրության մեջ. դրանք, ամբողջովին և ձիգ ընդգրկելով մարմինը, տալով հատուկ ձև, անթերիության տպավորություն են ստեղծում: