Այսօր Հանրապետության հրապարակում սկսվել է գլխավոր տոնածառի ապամոնտաժումը, ինչը զարմացրել է շատերին, քանի որ Հայաստանում տոնածառը սովորաբար զարդարում է հրապարակը մինչև հին Նոր տարի՝ հունվարի 13-ը։
Այս հարցին անդրադառնալով՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը news.am-ին պարզաբանել է, որ տոնածառը վաղ են ապամոնտաժել, քանի որ դրա լույսերը միացված են եղել արդեն դեկտեմբերի 8-ից, ինչը համեմատաբար երկար ժամանակ է։ «Փաստացի մեկ ամիս թե՛ տոնածառի լույսերը, թե՛ քաղաքի ամանորյա լուսավորությունը միացված են եղել»,- նշել է Կոստանյանը։
Տոնածառը վաղ հավաքելու նորությունը հատկապես ծանր են ընդունել Հանրապետության հրապարակում աշխատող ձմեռ պապիկները, որոնք մտահոգված զանգահարել են «Մեդիալաբի» խմբագրություն և բողոքել «իշխանությունների վարած անընդունելի քաղաքականությունից»։
«Ո՞վ է տեսել՝ հունվարի 8-ին տոնածառ հավաքել, էս ի՛նչ իշխանություններ են։ Լրիվ խնդում են մեր վրա։ Տոնածառը հավաքել են, բայց մենք դեռ ձմեռ պապիկի շորերով ման ենք գալիս, խայտառակ ենք լինում, բոլորը մնացել են զարմացած»,- դժգոհել են խմբագրություն զանգահարած ձմեռ պապիկները։
Հարցին՝ արդյոք ձմեռ պապիկները հանդես կգա՞ն հայտարարությամբ, բողոքողներից մեկն ասել է, որ իրենք ոչ ուժ, ոչ էլ հավես ունեն հայտարարություն անելու։ «Էս ի՛նչ սարքին էս գյոզալ երկիրը»,- եզրափակել են նրանք։