«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը
– Պարո՛ն Սաֆրաստյան, Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա: Այն, ինչ մենք տեսնում ենք հրապարակային տիրույթում, կարելի՞ է նման կերպ գնահատել, թե՞ կողմերը նաև գաղտնի են շփվում:
– Ես չեմ կարող ասել՝ ինչպիսին է, մենք կարող ենք դատել այն բանի մասին, ինչ տեսնում ենք. այժմ տեղի է ունենում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձը՝ սկսած 91 թվականից, ու այն դեռևս արդյունք չի տվել, ինչպես նախորդները: Մյուս կողմից տեսնում ենք, որ ի տարբերություն նախորդ փորձերի՝ թուրքական կողմից կան հայտարարություններ, որոնք արդեն ավելի կոնկրետ բնույթ են կրում: Եթե մինչ այս Թուրքիան դնում էր ընդհանուր նախապայմաններ, հիմա արդեն նրա դրած նախապայմանը շատ կոնկրետ է՝ կստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, դրանից հետո նոր Թուրքիան հարաբերությունների կարգավորման քայլեր կձեռնարկի: Այսինքն՝ ըստ էության, տեղի է ունենում Թուրքիայի դիրքորոշման հստակեցում Հայաստանի նկատմամբ: Իմ ընդհանուր գնահատականը սա է, իսկ թե ինչ կոնտակտներ կան, որ չենք իմանում, չեմ կարող ասել, որովհետև փաստ չունեմ, այն, ինչ տեսնում ենք՝ տեսնում ենք:
– Բայց, ձեր գնահատմամբ՝ այդ շփումներն առավել ակտի՞վ են, քան երբևէ:
– Հիմա նման գնահատական տալն իրական չէ, սա չորրորդ փորձն է, ու նախորդ երեք փորձերն էլ տարբեր ձևի են եղել: Հիմա, ինչպես ասացի, թուրքական կողմը կոնկրետացրել է իր մոտեցումները, ու սա, այո՛, գուցե նաև արդյունք է այդ շփումների, չեմ կարող ասել:
– «Մենք ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Թուրքիան ու Ադրբեջանը ցանկություն ունե՞ն Հայաստանի հետ հարաբերությունների նոր դարաշրջան բացել, կա՞ն դրա համար հիմքեր:
– Կոնկրետ Թուրքիան հստակ ասել է, որ պայմանագիրը կստորագրվի, իրենք քայլեր կձեռնարկեն: Կարծում եմ, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի պայմանագիրը ստորագրելուց հետո, բայց կասկածում եմ, որ այդ քայլերը կլինեն վերջնական, ավելի շուտ հակված եմ կարծելու, որ նույնիսկ պայմանագիրը ստորագրելուց հետո Թուրքիան չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների լրիվ կարգավորման, որոշ բան կփորձի պահել իր ձեռքին՝ որպես խաղաքարտ Հայաստանի վրա հետագայում ճնշում գործադրելու համար:
Ադրբեջանն այս փուլում, չեմ կարծում, որ շահագրգռված է Հայաստանի հետ պայմանագիր ստորագրելու, նրա համար կարևոր է Հայաստանից հնարավորինս զիջումներ պոկելը, իսկ Թուրքիան, իմ կարծիքով, իսկապես շահագրգռված է, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրվի, ոչ թե որ շատ է սիրում մեզ, այլ ելնելով իր ներկա փուլի աշխարհաքաղաքական մոտեցումների առանձնահատկություններից:
Թուրքիան այժմ վարում է այնպիսի քաղաքականություն, որի նպատակն աշխարհում իր դիրքերն ուժեղացնելն է, տեսեք՝ Սիրիայում ինչեր արեց ու շարունակում է անել, Մերձավոր Արևելքում, փորձում է համաշխարհային մակարդակով ավելի բարձր դիրք զբաղեցնել:
Նրա տեսանկյունից՝ Հարավայի Կովկասն այս փուլում կորցրել է իր նշանակությունը, այնքան մեծ նշանակություն չունի, ինչպես առաջ էր, ու Հայաստանի հետ հարաբերություններն էլ: Դրա համար նրա համար կարևոր է, որ մեր տարածաշրջանում, որտեղ ինքը հիմա դիրքերն ավելի ուժեղացրել է՝ ի հաշիվ Ռուսաստանի, ստեղծված ստատուս քվոն պահպանվի՝ կնքելով հայ-ադրբեջանական պայմանագիրը:
– Բայց այդ պայմանագիրը ըստ Թուրքիայի պետք է լինի Ադբեջանի պահանջներին համապատասխան, չէ՞:
– Այո՛, Թուրքիան հայտարարել է, որ իրենց համար ընդունելի է այն պայմանագիրը, որն ընդունելի է իրենց եղբայր Ադրբեջանի համար: Իսկ Ադրբեջանը շահագրգռված չէ այս փուլում ինչ-որ պայմանագիր կնքել Հայաստանի հետ, նրան պետք է էլի ինչ-որ բաներ պոկել Հայաստանից: Դրա համար կա երկու տեսադաշտ՝ թուրքական ու ադրբեջանական, Թուրքիան ամեն ինչին լայն է նայում, ասում է՝ ստեղծված ստատուս քվոն մեր օգտին է, սա ֆիքսենք, հետո կշարունակենք, որովհետև Թուրքիայի գերագույն նպատակը Հարավային Կովկասն իր ազդեցության ոլորտ դարձնելն է, այստեղից Ռուսաստանին դուրս մղելը:
Հիմա Թուրքիան տեսնում է, որ այն, ինչ հօգուտ իրեն կա, իհարկե վերջնական չէ, սա ֆիքսեն, հետո կանդրադառնան: Համոզված եմ, որ երբ Ադրբեջանն ու Թուրքիան հանդիպում են, թուրքերը նրանց ասում են՝ ինչո՞ւ եք ձգձգում, մի բան ստորագրեք պրծեք, թուղթ է, էլի:
– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիան հիմա պատրա՞ստ է ստորագրելու այնպիսի փաստաթուղթ, որում «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման մասին կետ չկա՞:
– Այո՛, որովհետև գիտենք, որ այդ կետը հանվել է, կարծում եմ, որ դա հենց Թուրքիայի մոտեցումն է: Այս պահին «Զանգեզուրի միջանցքը» չի կարող այնպիսին լինել, ինչպիսին Թուրքիային է անհրաժեշտ, որովհետև Կարսից մինչև Նախիջևան երկաթգիծ չկա, երբ նրանք այդ երկաթգիծը կառուցեն վերջացնեն, ինչը բավական մեծ ծախսերի հետ է կապված, որ ասում են՝ 2028-ին կավարտեն, այդ ժամանակ արդեն «Զանգեզուրի միջանցքը» նրանց համար իրական կդառնա: Հիմա նրանք ուզում են ստանալ դրա իրավունքը՝ ճնշումներ գործադրելով, որը դեռ աբստրակտ է, կոնկրետ բան չկա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am