Ադրբեջանը ակնհայտ շանտաժ է տանում ռուսական կողմի հանդեպ, փորձում են առանձնակի միջազգային հնչեղություն տալ այս գործընթացին. Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող լարվածությունը ինչի՞ հետևանք է: Կա՞ այդ լարվածությունը, թե՞ դա թվացյալ է:

– Անկեղծ ասած, իրականում կա այդ լարվածությունը, ռուսական կողմն ավելի զուսպ է արձագանքում, բայց ադրբեջանական կողմն ավելի ընդգծված հարձակողական քարոզչական քաղաքականություն է վարում Ռուսաստանի հանդեպ: Դա վերաբերում է այդ կործանված ինքնաթիռի դեպքին, որը տեղի է ունեցել անցյալ տարվա վերջին, բայց այս տարվա հունվարի կեսերից սկսած ադրբեջանական կողմը նորից այդ թեման ասպարեզ բերեց, ու, ըստ էության, իրենք պահանջում են Ռուսաստանի պաշտոնական ներողությունը կամ փաստի արձանագրումը, ռուսական կողմն էլ կոչ է անում սպասել ամփոփիչ եզրակացությանը ու չշտապել մեկնաբանություններ անել: 

Ադրբեջանի և՛ պետական հեռուստաընկերությունը, և՛ պաշտոնական մամուլը բավական կոշտ հայտարարություններով են հանդես գալիս: Օրեր առաջ նրանց պետական հեռուստաընկերության եթերում ասվում էր. «Եթե Պուտինը իսկական տղամարդ է, ապա պետք է զանգահարի ու ներողություն խնդրի Ալիևից»: Ես կարծում եմ, որ գործընթացներն ավելի խորքային ու լուրջ են ու բազմաշերտ, կան երևացող ու չերևացող կողմեր: 

Իմ տպավորությամբ՝ մի կողմից ցույց է տրվում այդ թուրքական աշխարհի համագործակցությունը, մասնավորապես, Թուրքիայի, Ղազախստանի հետ, ըստ էության, շատ բան կոորդինացվում է, մյուս կողմից՝ կարծում եմ, այլ արտաքին դերակատարներ ևս խառնված են: Ալիևը նաև փորձում է որոշակի դիվիդենտներ շահել Արևմուտքում, եթե ուշադրություն դարձնեք՝ Դավոսում տեղի ունեցած Զելենսկի-Ալիև հանդիպման ժամանակ էլ այդ թեմային անդրադարձ կատարվեց: 

Մեկ այլ ուշագրավ դրվագն էլ այն է, որ վերջին շրջանում «ընդդիմադիր» ադրբեջանական մամուլով սկսեցին տեղեկություններ հաղորդել, թե իբրև Ալիևի ինքնաթիռը ևս հայտնվել է խափանումների մեջ, հետո արդեն մամուլով տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը կարող է դիմել միջազգային ատյաններ՝ գործընթացը քննելու նպատակով: Օրեր անց, սակայն, Ալիեպի ինքնաթիռի խափանումների մասին լուրը հերքվեց։ Ակնհայտ շանտաժ է տարվում ռուսական կողմի հանդեպ, փորձում են առանձնակի միջազգային հնչեղություն հաղորդել այս գործընթացին՝ մի քանի նպատակ հետապնդելով:

Ժամանակագրորեն դա համընկավ նաև ռուս-իրանական վերջին համագործակցային պայմանագրի հետ, որտեղ՝ կարծում եմ, նաև դատելով Իրանի դեսպանի այս վերջին մամուլի ասուլիսից՝ որոշակի շահերի համընկնում ու պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև տարածաշրջանի համար, ու դա անհանգստացնում է Ադրբեջանին, ավելի շատ՝ թուրքական կողմին: Բայց ինձ թվում է, որ գործընթացն ավելի բազմաշերտ է, ու չերևացող կողմեր կան, քանի որ և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը բաց պետություններ չեն տեղեկատվության առումով, ու մենք հիմնականում դատում ենք պաշտոնական հաղորդագրություններից: 

– Այսինքն՝ այս կերպ Ալիևն իր դժգոհությո՞ւնն է արտահայտում:

– Ինչ-որ հարցերում փորձում է իր համար շահավետ դիրքորոշումներ կորզել, ոչ միայն դժգոհություն է արտահայտում, այլ նաև ինչ-որ հարցերում ձեռքբերումների ակնկալիքներ ունի, ինչի համար էլ այդ գործընթացը տարվում է:

– Կկարողանա՞ այդ ձեռքբերումներն ունենալ:

– Չեմ կարող ասել, որովհետև ես Ռուսաստանի քաղաքականության վերլուծությամբ չեմ զբաղվում, վերջին շրջանում Ադրբեջանը հաճախ է նման քարոզչական-քաղաքական օպերացիաներ արել ու որոշակի ձեռքբերումներ ունեցել է, բայց, ասում եմ՝ ներկայացվող տեղեկատվությունը սահմանափակ է, ու դժվար է հասկանալ, թե իրականում իրավիճակն ինչպես կհանգուցալուծվի, բայց ինձ թվում է, որ լարվածությունն իրական է, ու դա ակնհայտ է հենց պաշտոնական, քարոզչական աղբյուրներով հրապարակվող տեղեկատվությամբ: 

– Տիկի՛ն Հայրապետյան, ձեր գնահատմամբ՝ Ադրբեջանը նպատակ ունի ավելի՞ սրել լարվածությունը:

– Իրականում հենց իրենք են լարում հարաբերությունները ու բացի այդ քարոզչական բաղադրիչից, հայտարարեցին Ռուսական տան փակման մասին, որը ռուսական կողմը բավականին բացասական ընդունեց, ընդ որում՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը հայտարարեց, որ անգամ կարող են բարձր մակարդակով փոխշփումների արդյունքում հասնեն հարցի հանգուցալուծմանը, միևնույն ժամանակ շեշտելով, որ Պուտինը չի պատրաստվում ինքնաթիռի հարցում Ալիևի հետ խոսակցություն ունենալ: Կարծում եմ, դա նաև գործողությունների տեսքով է դրսևորվում Ռուսաստանի հանդեպ: 

Ռուսական կողմը դեռևս բավականին զուսպ է արտահայտվում ու միտում ունի փակ զրույցներով թեման հարթել, թե ադրբեջանական կողմն ի՛նչ նպատակներ է դրել կամ ինչ տարբեր դերակատարների կողմից է ուղղորդվում, մի քիչ դժվար է ասել, բայց, կարծում եմ, կան Բաքվին թև տվող դերակատարներ, ու արդեն նրանց նպատակներից է կախված՝ Բաքուն կշարունակի՞ այս գործելաոճը, թե՞ թեման արագորեն կհանգուցալուծվի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am