Փետրվարի վերջին շաբաթ Փարիզում տեղի ունեցած Championnat de France de Kick-Boxing professionnel մրցաշարում 24-ամյա Ազատ Ազատյանը դարձավ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ քիքբոքսինգի չեմպիոն մեծահասակների՝ մինչև 74 կգ քաշային կարգում։
«Այս տիտղոսը նվաճեցի ութ անընդմեջ հաղթական մենամարտերից հետո», – հղում անելով Ազատ Ազատյանին՝ գրում է ֆրանսիական L’Est Républicain-ը:
Ազատ Ազատյանը Ֆրանսիայի Նանսի քաղաք է տեղափոխվել շուրջ 10 տարի առաջ՝ Հայաստանի Ուջան գյուղից։
Անցած տարի նա արդեն նվաճել էր Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը էլիտար ֆրանսիական բռնցքամարտում։ Այժմ, քիքբոքսինգի չեմպիոն դառնալուց հետո, նա ընդգրկվել է Ֆրանսիայի ազգային թիմում և կպատրաստվի միջազգային մրցաշարերին։
Անցած տարի Ֆրանսիայի Բրետան քաղաքում անցկացված ֆրանսիական բռնցքամարտի (Boxe Française) մրցաշարում Ազատյանը 70 կգ քաշային կարգում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը։ Ֆրանսիական լրատվամիջոցները նրան բնութագրում են որպես համառության և վճռականության օրինակ, նշելով, որ նա իր տեղն է հաստատել Ֆրանսիայի էլիտար մարզիկների շարքում՝ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։



















