ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը սահմանային կրակոցների մասին

ԵՄ առաքելության դիտարկումները փաստացի հերքում են Ադրբեջանի տարածած տեղեկությունները, թե հայկական կողմից կրակոցներ են արձակվել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեք անգամ հաղորդագրություն էր տարածել, պնդելով, թե հայկական զինված ուժերը իբր կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։ Սակայն ԵՄ դիտորդական առաքելության հրապարակած հայտարարությունը վկայում է, որ սահմանային իրավիճակը կայուն է և որևէ միջադեպ չի արձանագրվել։

«Մարտի 16-17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել», – ասված է ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) X միկրոբլոգում արված գրառման մեջ։