Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում ներառված են բոլոր այն հարցերի լուծումները, որոնք Ադրբեջանը որպես «մտահոգություն» է ներկայացնում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Եթե դա էլ բավարար չլինի, մենք պատրաստ ենք շարունակել քննարկումները՝ հասկանալու համար, թե արդյոք Հայաստանի սահմանադրության մեջ առկա՞ է տարածքային պահանջ, թե՞ ոչ, ինչպես նաև՝ Ադրբեջանի սահմանադրության մեջ նման դրույթ կա՞, թե՞ ոչ։ Մենք, օրինակ, ասում ենք, որ այդ հարցն արդեն լուծել ենք խաղաղության պայմանագրի մեջ։ Ասում ենք, որ խաղաղության համաձայնագրի՝մեր ներպետական ինստիտուտներով անցնելուց հետո այլևս նմանատիպ հարց չի առաջանալու։ Վերջիվերջո, այս հարցը կարելի է փորձագիտական գնահատման ենթարկել։ Օրինակ՝ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր երկու երկրների սահմանադրությունները և հարց ուղարկել, թող Վենետիկի հանձնաժողովը պայմանական ասի նման բան կա՞, թե՞ չէ»,- ընդգծեց Սիմոնյանը։
Սիմոնյանը հավելեց, որ բանակցությունների ողջ ընթացքում հայկական կողմը փորձել է հիմնավորել իր դիրքորոշումները և առաջնորդվել տրամաբանական քննարկումներով։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ ավարտել են բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման վայրի և ժամկետների վերաբերյալ։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե «հաջորդ քայլով Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը»։