Ֆրանցիսկոսը վերադարձավ Հայր Աստծո տուն. Մահացել է Հռոմի պապը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 2025 թ․ ապրիլի 21-ին՝ Զատիկի երկուշաբթի օրը, Վատիկանի Սանտա Մարտայի նստավայրում։ Նա 88 տարեկան էր։

Վատիկանի պետքարտուղարության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է․
«Այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 7:35-ին, Հռոմի Եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հայր Աստծո տուն։ Նրա ամբողջ կյանքը նվիրված էր Տիրոջն ու Նրա Եկեղեցուն ծառայելուն»։

Կարդինալ Ֆարելը ցավով հայտարարել է․ «Սիրելի եղբայրներ և քույրեր, խոր վշտով տեղեկացնում եմ մեր Սուրբ Հոր՝ Ֆրանցիսկոսի մահվան մասին։ Նա մեզ սովորեցրեց հավատարմությամբ, քաջությամբ և համընդհանուր սիրով ապրել Ավետարանի արժեքներով՝ հատկապես կանգնելով աղքատների և անտեսվածների կողքին»։

Ֆրանցիսկոսի պապությունը նշանավորվեց բազմաթիվ նախադեպերով։ Նա դարձավ պատմության մեջ առաջին պապը Ամերիկայից և ընդհանրապես Հարավային կիսագնդից։ Մինչ այդ, Հռոմի ոչ եվրոպացի եպիսկոպոս վերջին անգամ եղել էր 741 թվականին՝ Սիրիայում ծնված Գրիգոր III-ը։

Նա նաև առաջին Հիսուսյան միաբանության անդամն էր, ով երբևէ ընտրվել էր Սուրբ Պետրոսի գահին՝ չնայած նրան, որ Հիսուսյան միաբանության նկատմամբ պատմականորեն որոշակի կասկածներ էին գոյություն ունեցել Վատիկանում։

Մինչ Պապ դառնալը, նա հայտնի էր որպես Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիո՝ Արգենտինայից։ Նա ընտրվեց պապ 2013 թվականին՝ արդեն 70-ն անց, փոխարինելով Բենեդիկտոս XVI-ին, ով դարձավ գրեթե վեց դարում առաջին կամավոր հրաժարական ներկայացրած պապը։

Գրեթե մեկ տասնամյակ Վատիկանի այգիները միաժամանակ հյուրընկալեցին երկու պապերի՝ նախկինի ու ներկայի։

Ֆրանցիսկոսը հիշվելու է որպես բարեփոխումների ջատագով, ով չնայած փոփոխություններին՝ պահպանեց իր սիրվածությունը նույնիսկ եկեղեցու ավանդապաշտ շրջանակներում։