Վտանգ Արցախի անվտանգության համա՞ր. Ադրբեջանը ակտիվորեն զինվում է

Վտանգ Արցախի անվտանգության համա՞ր. Ադրբեջանը ակտիվորեն զինվում է
Վտանգ Արցախի անվտանգության համա՞ր. Ադրբեջանը ակտիվորեն զինվում է

Իսրայելն Ադրբեջանին վաճառելու է գերարդիական անօդաչու թռչող սարքեր և հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Գործարքի արժեքը 1 միլիարդ 600 միլիոն ամերիկյան դոլար է։
Զինամթերքի այս մեծ առևտուրն անհանգստացնում է տարածաշրջանի խնդիրներն ուսումնասիրող շատ փորձագետների: Չի բացառվում, որ գերզինված Ադրբեջանը լուրջ վտանգ կարող է դառնալ նաև Արցախի անվտանգության համար:
«Իհարկե, այստեղ լուրջ դեր է խաղում ղարաբաղյան գործոնը: Յուրաքանչյուր ռազմական կոնֆլիկտ այդ տարածաշրջանում` Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև, անկասկած կարող է ազդել նաև արցախյան խնդրի վրա»,- «Մեդիալաբին» ասում է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
Շատերն են տարածաշրջանում ռազմական բախումների սպասում: Ստանիսլավ Տարասովի խոսքով` այստեղ արցախյան խնդիրն առաջնային դեր չի խաղում, սակայն հաշվի առնելով Հայաստանի շահերը, Երևանը հազիվ թե շահեկան դիրքում լինի, եթե իսրայելական օդուժը որոշի ռմբակոծել Իրանը:
Միջազգային մամուլը զինվող Ադրբեջանի մեջ Հայաստանի համար ուղղակի վտանգ չի տեսնում: Ամերիկյան Foreign Policy պարբերականը գրում է, որ Ադրբեջանը կարող է դառնալ Իրանի դեմ պատերազմում Իսրայելի հավանական դաշնակիցը։

Հայաստանցի փորձագետները նույնպես կարծում են, որ Ադրբեջանը պատրաստվում է աջակցելու Ւսրայելին հնարավոր հակամարտության դեպքում:

«Ադրբեջանի տարածքը հիմնականում կարող է օգտագործվել իսրայելական օդուժի համար` Իրանի դեմ ռազմական գործողությունների, կոնկրետ օբյեկտների ռմբահարման դեպքում, քանի որ իսրայելական օդային ուժերը ի վիճակի չեն 2000-2500 կմ հեռավորություն հաղթահարել, հասնել Իրան, ռմբակոծել օբյեկտները և վերադառնալ»,- ասում է իրանագետ Նվեր Դավթյանը:

Նրա կարծիքով` այս պարագայում Ադրբեջանը ռմբակոծություններ սկսելու համար շատ հարմար հարթակ է: Որքան էլ Ադրբեջանը փորձի աշխարհին համոզել, որ Իրանի դեմ ոչ մի ռազմական քայլ չի ձեռնարկի, միևնույն է` քչերն են հավատում պոշտոնական Բաքվի հայտարարություններին:

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի կարծիքով` Բաքուն չի հանդգնի առաջինն ինչ-որ քայլեր անել Իրանի դեմ: Բայց հաշվի առնելով հարևան երկրի հանդեպ Ադրբեջանի տարածքային նկրտումները և երկկողմանի աճող լարվածությունը` հակամարտության ինչ-որ պահի Բաքուն կարող է անցնել որոշակի գործողությունների:

«Դժվար թե Ադրբեջան-Իրան բացահայտ առճակատում լինի ռազմական բախման տեսքով: Ես բազմիցս նշել եմ, որ Ադրբեջանը կփորձի ռազմական գործողություններ սկսել, եթե Իրանի դեմ սկսվեն այդ ռազմական գործողությունները, և Իրանը հասնի այնպիսի իրավիճակի, որ այլևս չկարողանա պատասխան տալ, ինչ խոսք, Ադրբեջանը, հնարավոր է, փորձի զորքեր մտցնել Իրանի Ատրպատական տարածք»,- «Մեդիալաբին» ասում է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Նա հիշեցնում է, որ Բաքուն վաղուց «աչք է դրել» Իրանի հյուսիսային նահանգների վրա, և յուրաքանչյուր պատեհ առիթով հայտարարում է, որ դրանք «պատմական ադրբեջանական հողեր են»: Նման հռետորաբանությունը, բնական է, նյարդայնացնում է Թեհրանին: Իրանցի պաշտոնյաներին անհանգստացնում է նաև Իսրայելից զինամթերք գնելու Ադրբեջանի մտադրությունը: Դա է պատճառը, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները, մեղմ ասած, լարված են:

Այդուհանդերձ փորձագետները փաստում են` մերձկասպյան շրջանում զենքի սպառազինության ցանկացած կտրուկ ներհոսք կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն հարևան երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի վրա: Այսպիսով` Հայաստանը պետք է զգաստանա և ավելի աչալուրջ լինի:

«Ադրբեջանի ռազմական այս պայմանագիրն ուղղված է ոչ միայն Իրանի դեմ,-ասում է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: – Ընդհանրապես մերձկասպյան տարածաշրջանի երկրների համար դա լուրջ ազդանշան է: Ռուսաստանը կարող է լուրջ անհանգստություն ցուցաբերել այս հարցում, որովհետև ցանկացած երկրի ռազմածովային տեխնիկայի ուժեղացումը ահազանգ է այդ շրջանի երկրների համար»:

Ռուսաստանին տարածաշրջանի այս լարված իրավիճակն իրոք անհանգստացնում է: Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է` զինտեխնիկան զարգացնելով` Ադրբեջանը նաև փորձում է թոթափել Մոսկվայի ազդեցությունը: Բայց դա, նրա կարծիքով, շատ վտանգավոր քայլ է:

«Այստեղ միանշանակ տեսակետ չկա: Բայց ընդհանուր առմամբ, ես հակված եմ այն մտքին, որ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը, իսկ այլ կերպ ասած` տարածաշրջանում ռազմական մրցավազքը, անկայունության նշան է, և դրան պետք է շատ զգույշ վերաբերվել»,-«Մեդիալաբին» ասում է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am