«Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը»,-տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունից։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը
Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։
Ամենահաճախ հանդիպող ձևերն են.
♦ կտրվածքները,
♦ այրվածքները,
♦ այլ տեսակի ֆիզիկական վնասվածքները։
Այս վարքագիծը հաճախ ծառայում է որպես հուզական ցավը, սթրեսը կամ դատարկության զգացողությունը հաղթահարելու մեխանիզմ։
Պատճառներ և ռիսկի գործոններ
Ինքնավնասող վարքագծի հիմնական պատճառներն են․
♦ զգացմունքների կառավարման դժվարությունները, հատկապես` սթրեսային կամ կոնֆլիկտային իրավիճակներում,
♦ հոգեկան խանգարումներ՝ դեպրեսիա, անհանգստության խանգարումներ,
♦ տրավմատիկ փորձառություններ՝ բռնություն, բուլինգ, մտերիմ մարդու կորուստ:
♦ Ծնողներն ու մանկավարժները պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ ախտանշաններին․
♦ անհասկանալի կտրվածքներ, այրվածքներ կամ կապտուկներ,
♦ տաք եղանակին երկարաթև հագուստի մշտական կրում,
♦ մեկուսացում, փակվածություն, հետաքրքրությունների կորուստ,
♦ հաճախակի տրամադրության փոփոխություններ, գրգռվածություն, դեպրեսիվ վիճակ,
♦ բարկության, դատարկության կամ անզորության զգացումներ:
Ինչպե՞ս աջակցել դեռահասին.
♦ բաց երկխոսություն՝ զրուցե՛ք երեխայի հետ առանց մեղադրանքների,
♦ մասնագետի օգնություն՝ հոգեբանի կամ հոգեբույժի խորհրդատվությունը կօգնի բացահայտել վարքի պատճառները և մշակել օգնության ծրագիր,
♦ անվտանգ միջավայրի ստեղծում՝ ընտանիքում ձևավորե՛ք վստահության մթնոլորտ, խուսափե՛ք քննադատությունից և ճնշումից,
♦ տեղեկացվածություն՝ ուսումնասիրե՛ք ինքնավնասող վարքագծի վերաբերյալ նյութեր երեխայի վիճակը ավելի լավ հասկանալու համար»:



















