Մեր կողքին ապրող մարդիկ. Չաքը

Ռազմական լրագրող Չաք Հոլթոնը

Ռազմական լրագրող Չաք Հոլթոնը վերջին 20 տարում եղել է աշխարհի բոլոր թեժ կետերում՝ Կամբոջա, Վիետնամ, Իրաք, Աֆղանստան, Բոսնիա, Ուկրաինա և այլն: Նա լուսաբանում է նաև երկրաշարժերն ու այլ տարերային աղետներ, ունի իր փոդքաստ ալիքը և 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Արցախում: 

Սա կլիներ սովորական մի պատմություն ռազմական լրագրողի մասին, սակայն Հոլթոնի գործունեությունը հետաքրքրական է ոչ միայն իր անցած երկարամյա ճանապարհի շնորհիվ, այլև այն անձնական պատմության, որ կապել է ամերիկացուն Հայաստանի հետ: 

Ես գրում եմ օտարերկրացիների մասին, որոնք ապրում են Հայաստանում, և այս պատմությունը բացառիկ է, որովհետև Հոլթոնը չի ապրում մեր երկրում, բայց այստեղ է բնակություն հաստատել նրա որդին, որը հոր հետ պատերազմից հետո եկել էր Հայաստան որպես զբոսաշրջիկ, սիրահարվել հայ աղջկա ու որոշել, որ այլևս չի ուզում վերադառնալ ԱՄՆ: 

Չաքի հետ «հանդիպեցինք» մեր տանը: Այո, ես վերցրի մեկ գավաթ սուրճ, միացրի համակարգիչը, ու դիմացս հայտնվեց նա՝ իր գավաթը ձեռքին: Մենք որոշեցինք, որ սուրճն ավելի զորեղ է մեր միջև եղած տարածությունը կրճատելու համար, քան այն մղոնները, որ բաժանում են Հայաստանն ու Միացյալ Նահանգները: 

Չաքին հարցնում եմ՝ արդյոք փոխվե՞լ են պատերազմները, թե՞ շարունակում են մնալ նույնը: Նա էլ ժպտալով ասում է, թե փոխվել են տեխնոլոգիաները. և նրան հիմա ծանր տեխնիկաներ պետք չեն նկարահանումների համար: Բայց ծանր հրետանին, պատերազմի վայրագությունը, անորոշությունը, դաժանությունը նույնն են: 

– Անհավատալի է, բայց հազարամյակներ շարունակ ձևավորված քաղաքակրթության մեջ մարդասիրությունը մի բարակ թել է ընդամենը: Մենք նույն վայրենին ենք մնացել. մարդիկ, որոնք խոսում են ժողովրդավարությունից, մարդու իրավունքից ու նույն պահին մոռանում դրա մասին: 

Չաքն ասում է՝ բավական է միայն նայել, թե աշխարհի տարբեր երկրներում ինչ է կատարվում, ներառյալ ԱՄՆ-ում, որպեսզի պարզ լինի, որ տեղեկատվությունը դարձել է գլխավոր զենքը: Երբ նա անդրադառնում է տեղեկատվական պատերազմներին, հիշում է, որ 44-օրյայի ժամանակ այդպես էլ չկարողացավ առաջնագիծ մեկնել, որովհետև հայկական կողմը չգիտեր՝ ինչպե՛ս աշխատել տեղեկատվության արտահոսքի հետ: 

– Ես 20 տարվա ռազմական լրագրող եմ և միշտ պատերազմը լուսաբանել եմ տեղում՝ վտանգելով իմ կյանքը բառիս բոլոր իմաստներով, բայց դա իմ ընտրությունն է, որի համար ես եմ պատասխանատու: Հայկական կողմը շատ լավ գիտեր, որ ես հմուտ եմ, հասկանում եմ՝ ինչն է պետք նկարահանել, ինչը՝ չի կարելի, բայց միևնույն է, ինձ այդպես էլ որևէ կերպ չթողեցին գնալ առաջնագիծ, ու մինչև հիմա ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ: 

Պատերազմի ժամանակ նրան երբեմն թվում էր, թե Խորհրդային Միությունում է, որտեղ բոլորը հսկում են, որ տեղեկատվության արտահոսք չլինի, սակայն դա տեղի էր ունենում այսպես թե այնպես ու ավելի վատ, թյուր ձևով, այնինչ ռազմական լրագրողները, որոնք հստակ գիտեն՝ ինչպես աշխատել նման տեղերում, կարող էին շատ ավելի մեծ օգուտ տալ, քան կարելի էր պատկերացնել: Ուկրաինան, օրինակ, ըստ նրա՝ հստակ հասկանում է տեղեկատվական պատերազմում հաղթելու կարևորությունը, մեդիայի դերը այդ հարցում, և նրանք թույլ են տալիս ռազմական լրագրողներին պատմել հասարակ ամերիկացուն, թե ի՛նչ է կատարվում իրենց երկրում: 

– Պիտի բոլորին պատմել, թե որտեղ է Հայաստանը, այս երկիրն արժանի է իր սրտի չափ վերաբերմունքի: Երբեմն խորհրդային մտածելակերպն այնքան արմատացած է, որ մարդիկ, անգամ մեծ կամք ունենալով որևէ բան փոխելու, միևնույն է, չեն կարողանում: 

Ի դեպ, Չաքը Հայաստան եկավ պատերազմը լուսաբանելու իր հետևորդներից մեկի հորդորով, որը նրան հաղորդագրություն էր գրել՝ ինչո՞ւ չես գնում պատերազմը լուսաբանելու: Չաքն էլ առաջին բանը, որ արել էր, փորձել էր հասկանալ, թե որտեղ է Հայաստանը: Այդ ժամանակ վստահաբար չէր պատկերացնում, որ սա չի լինելու հերթական պատերազմական գոտին, այլ դառնալու է մի վայր, ուր վերադառնալու է: 

– Ես եկա Երևան ու միանգամից համապատասխան կառույցին ասացի, որ նույն օրը պատրաստ եմ Արցախ մեկնելու, բայց փաստաթղթային գործընթացը ծամոնի պես երկար ձգվեց: 

Արցախ տանող ճանապարհն այնպիսին էր, որ, հա, անգամ փորձառու լրագրողին կարող էր սթափեցնել: Տեղ հասնելուն պես գտավ դատարկված Ստեփանակերտը, որ ասես գետնի տակ անցած լիներ: Իսկ այն իսկապես գետնի տակ էր անցել, քանի որ մարդիկ պատսպարվել էին նկուղներում, ապաստարաններում, հատուկենտ խիզախների կարելի էր գտնել փողոցներում: Չաքը մի քանի օր մնաց Ստեփանակերտում ու հասցրեց նկարահանումներ անել, զրուցել ու լսել տարատեսակ պատմություններ:

Ես նրան հարցնում եմ՝ արդյոք դժվար չէ՞ պահպանել օբյեկտիվությունը պատերազմ լուսաբանելիս, հատկապես երբ դու պատերազմող կողմերից միայն մեկի տարածքում ես: 

– Երաշխավորում եմ, որ Ադրբեջանը երբեք ինձ թույլ չէր տա գնալ ու իրենց կողմից լուսաբանել ամենը: Երկրորդ՝ մարդիկ երբեմն թյուրըմբռնում ունեն լրագրողների աշխատանքի հետ կապված: Նրանք կարծում են, թե մենք չպետք է արձանագրենք երևույթի ճիշտ կամ սխալ լինելը, այլ պարզապես տեղեկատվություն պիտի հաղորդենք: Ճշմարտությունը գոյություն ունի՝ անկախ իմ կարծիքից և վերաբերմունքից: Օրինակ՝ ես տեսնում եմ տիկին Ռոզային, որի տունը ավերվել է, և նա դրսում է գիշերում: Դու ինձ չես կարող համոզել, որ իմ կարծիքը՝ որ դա վատագույն բանն է, որ դա դաժանություն է, պետք է մի կողմ թողնել, որ ես օբյեկտիվություն խաղամ: 

Նա խնդիր չունի ներկայացնելու ամենը՝ պնդելով, որ այն, ինչ տեսել է, որևէ կերպ չի տեղավորվում հումանիզմի մեջ: Մարդիկ, որոնք կորցրել են սիրելիներին, իրենց տունը, կռիվ են տալիս հիշողությունների հետ, չպետք է անտեսված մնան: Լրագրողը մարդ է, որ կարող է տեսնել ճշմարտությունը, ու եթե նա որոշել է դա անտեսել՝ իբրև թե օբյեկտիվ լինելու համար, ապա քանի՞ գրոշի արժեք ունի իր արածը: 

– Պատերազմում կա՞ մի բան, որ կարող է ոգեշնչել,- հարցնում եմ: 

– Պատերազմն անտանելի բան է, ու այս երևույթի մեջ միակ ոգեշնչող բանը մարդն է: Պատերազմում դժվար է մարդու մեջ չսպանել մարդուն, բայց այն ցույց է տալիս, որ շատ անհատներ կարողանում են պահել իրենց մեջ ապրող մարդուն: 

ԱՄՆ գնալուց հետո Չաքը որոշում է ընտանիքի հետ վերադառնալ Հայաստան և ավելի խորն ուսումնասիրելի այս երկիրը: Հունիսին մեր երկիրն ականատես կլինի նրա՝ «Հայաստան. սիրո պատմություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը, որը յուրատեսակ շնորհակալություն և ձոն է մեր երկրին: 

– Մարդիկ այնքա՜ն լավն են Հայաստանում, որ երբ դեռ Արցախում էի, որտեղ մնացել եմ չորս օր, ինչը շատ քիչ է երկիրը ճանաչելու համար, մտածեցի, որ պետք է հետ գնամ ԱՄՆ ու վերադառնամ ընտանիքիս հետ: 

Չաքը չհամբերեց ու հունվար ամսին՝ ցրտաշունչ մի օր, ընտանիքի հետ եկավ Հայաստան: Նրանք գնացին Ստեփանակերտ, ու նա կրկին հարցազրույց վերցրեց նույն մարդկանցից, որոնց հետ խոսել էր պատերազմի ընթացքում: Այդ ժամանակ մտածեց, որ արժի պատմել պատերազմի մասին, բայց հանկարծ մի բան հասկացավ. 

Հայաստանը կարիք չունի ևս մեկ անգամ հիշեցնելու ինքն իրեն, թե պատմությունը երբեմն որքան դաժան է վարվել իր հետ: Հայաստանը կարիք ունի հիշեցնելու իրեն, թե որքա՜ն շատ բան ունի ապրելու համար: 

Գարնանը որոշեց հետ գալ ու նկարահանել Հայաստանն այնպես, որ աշխարհի բոլոր ծագերից մարդիկ երազեին այստեղ գալու մասին: Ֆեյսբուքում գրառում արեց՝ «Գնում եմ Հայաստան, միացող կա՞»: 16 հոգի արձագանքեցին ու եկան տեսնելու դժվար ուղի անցած, բայց կյանքին կառչած մեր երկիրը: 

– Մենք սիրեցինք Հայաստանի խրոխտ ժայռերը, կանաչի մեջ կորած Լոռին, անպատմելի համեղ սնունդը, այստեղի պատրաստակամ մարդկանց, որ ունեցածն էլ քեզ կտան՝ անմնացորդ ու անշահախնդիր: Այս երկիրը ճանաչելուց հետո սիրում ես այն հավերժ: 

Ռազմական լրագրող Չաք Հոլթոնը

Ի՞նչն ես ամենից շատ սիրում Հայաստանում հարցին՝ Չաքը ծիծաղում է ու ասում. 

– Դու Հայաստանում եղե՞լ ես… Մարդիկ, հրաշալի մարդիկ, որոնք ունեն շատ վառ արտահայտված ազգային ինքնորոշում: Նրանք հպարտ են, որ հայ են, նրանք ունեն յուրահատուկ, չկրկնվող մշակույթ, որ մի տեսակ այնքան սիրուն կղզիացած է աշխարհից՝ ասես ձեռք դիպած չլինի դրան, ասես այն ապականված չլինի: 

Ճամփորդության ընթացքում Տաթևում է եղել, որտեղ պատշգամբի պատուհանները նայում էին մի հսկա ժայռի: Երբ հարցնում էր՝ արդյոք գիտե՞ն ժայռի անունը, բոլորը պատասխանում էին՝ դե ժայռ է էլի, ի՞նչ իմանանք: 

– Ես ասում էի՝ ո՜նց, ախր դուք այս ժայռի գեղեցկությունը տեսե՞լ եք: Սա պիտի զբոսաշրջավայր դառնա, բոլորը պիտի գան ու տեսնեն սա: Որոշել եմ, որ մի օր պետք է գնամ մեկ ամսով Լոռիում ապրեմ, Ալավերդին շատ սիրեցի: Հա, անպայման որոշ ժամանակ էլ Տաթևում եմ մնալու: Այս երկիրը ծայրից ծայր չնաշխարհիկ է: 

Հայաստանում Չաքը ամենաշատ չի սիրում արագությունը ֆիքսող տեսախցիկները: Ամեն անգամ ԱՄՆ վերադառնալուց հետո տուգանքների մի գիրուկ տրցակ է ստանում:

Չաք Հոլթոնի հետ զրույցից հետո ես էլհասցեին ստանում եմ ֆիլմը, որի պրեմիերան լինելու է Երևանում հունիսի 28-ին: Ես ձեզ չեմ պատմի ոչինչ, որպեսզի հնարավորություն տամ գնալ ու դիտել այս սիրո պատմությունը: Միայն մի կարճ նախադասություն, որ շատ տպավորվել է իմ մեջ. 

– Հայաստանն ասես տուն լինի, ուր միշտ ուզում ես վերադառնալ: 

Հոլթոնը ևս մեկ ֆիլմ է պատրաստվում նկարահանել Սյունիքի մարզում գտնվող մի փոքրիկ գյուղի մասին, որտեղ ընդամենը մեկ ընտանիք է ապրում, բայց այդ մասին՝ արդեն հաջորդ անգամ:

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ անձնական արխիվից

MediaLab.am