ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով. Պաշտոնական

ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով. Պաշտոնական
ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով. Պաշտոնական

ՀՀ դատախազության մամլո հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Զինված ուժերում մահացության վիճակը, միտումները, հանգամանքները, հանգեցնող պատճառներն օրինաչափորեն շարունակում են մնալ հանրության, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հաշվի առնելով, որ վերոնշյալի վերաբերյալ կանոնավոր պարբերականությամբ պաշտոնական տեղեկատվություն է հայցվում նաև ՀՀ գլխավոր դատախազությունից՝ տեղեկացնում ենք հետևյալը:

2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք: Այսինքն ԶՈՒ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով, կամ 22%-ով: Ընդ որում՝ նվազումն արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերում:

Մասնավորապես՝ այս տարվա ընթացքում մահվան դեպքերից զինվորական ծառայության հետ կապված է եղել 16-ը: Դրանցից՝

3-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ,

4-ը՝ սպանություններ,

5-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր,

1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից,

1-ը՝ հիվանդությունից,

2-ը՝ դժբախտ պատահարից:

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ կապված մահվան 27 դեպք: Այսինքն այս տարի ընդհանուր առմամբ զինծառայության հետ կապված մահացության դեպքերը նվազել են 40.7%-ով:

Նախորդ տարվա 9 ամիսների պատկերը, ըստ պատճառների, եղել է հետևյալը.

7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (այս տարի նվազումը՝ 4-ով կամ 57%-ով),

1-ը՝ սպանություն (ավելացումը՝ 3-ով),

8-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր (նվազումը՝ 37.5%-ով),

2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից (նվազումը՝ 1-ով կամ 50%-ով),

3-ը՝ հիվանդությունից (նվազումը՝ 2-ով կամ 66.6%-ով),

1-ը՝ դժբախտ պատահարից (ավելացումը՝ 1-ով կամ 50%-ով),

1-ը՝ ականի պայթյունից (նվազումը 1-ով կամ 100%-ով),

3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (նվազումը՝ 3-ով կամ 100%-ով),

1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով (նվազումը՝ 1-ով կամ 100%-ով):

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է զինծառայության հետ չկապված մահվան 23 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր զինծառայության հետ չկապված մահվան նույնքան դեպք:

Ըստ պատճառների՝ պատկերը հետևյալն է.

8-ը՝ հիվանդություններից (2018թ. 9 ամիսներին՝ 9 դեպք),

12-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (11 դեպք),

3-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելը (0 դեպք)

0՝ դժբախտ պատահարից (3 դեպք):

Համեմատական վերլուծությունը վկայում է, որ մահվան դեպքերի նվազումը պայմանավորված է մի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացման միտումների պահպանմամբ, մյուս կողմից զինվորական ստորաբաժանումներում սպայակազմի և անձնակազմի միջև ուղղղահայաց, ինչպես նաև զինծառայողների միջև հորիզոնական հարաբերությունների բարելավման, մարտական ծառայության կրման կանոնների պահպանման, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման, հանցագործությունները ծնող պատճառների չեզոքացման ուղղություններով քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ»: