«Տնտեսական 14 տոկոս աճը ոչ ներառական է, վերաբերում է Երևանին, ու դրա պտուղները զգում են միայն Երևանում». տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ այս տարվա 9 ամիսների տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 14,1 տոկոս է կազմել: Սա դուք՝ որպես մասնագետ, ինչո՞վ եք պայմանավորում:

– Սա բավականին բարձր տնտեսական աճ է, որ ներկայումս գրանցվում է Հայաստանում, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի Կառավարության ծրագրով նախատեսված էր 7 տոկոս տնտեսական աճ: Ընդհանրապես, մեր երկրի տնտեսական աճի պոտենցիալը, տարբեր գնահատումներով՝ 4, առավելագույնը՝ 6 տոկոս է գնահատվում: Այս պարագայում 14 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կարելի է համարել բարձր, ընդ որում՝ նորանկախ Հայաստանի համար ամենաբարձրերից մեկը:

Նման ցուցանիշ Հայաստանն ունեցել է 2000-ականների կեսերին, երբ մի քանի տարի շարունակ տնտեսական աճի միտում էր ձևավորվել:

Բայց պետք է հաշվի առնենք, որ այդ ժամանակ դեռ նոր Հայաստանի տնտեսությունը ոտքի էր կանգնում Սովետի փլուզումից հետո տեղի ունեցած խոր անկումից:

– Այս պարագայում երկնիշ աճը ինչի՞ հաշվին է:

– Դա հասկանալու համար պետք է հետ գնանք և դիտարկենք՝ տարվա սկզբին ի՛նչ զարգացումներ էին տեղի ունենում, երբ ռուս-ուկրաինական պատերազմը չկար, ու այդ պատերազմից հետո:

Տարվա սկզբին մենք մի գործընթացի մեջ էինք, որը կարելի է բնութագրել որպես վերականգնողական աճ. 2020-ին բավական խոր անկման ցուցանիշ ունեցանք՝ 7.4 տոկոս, որից հետո 2021-ին Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ չկարողացավ վերականգնվել: 2021-ին տնտեսական աճը գրեթե 5 տոկոս էր, ինչը նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ չվերականգնվեց:

Ընդ որում՝ հիմնականում հետ էին մնում այն ուղղությունները, որոնք բարձր շփման աստիճան են ենթադրում, օրինակ՝ հանրային սնունդ, կացություն և այլն, այդ ոլորտները 2021-ին չկարողացան վերականգնվել:

2022-ի առաջին ամիսներին վերականգնման այդ գործընթացը պետք է շարունակվեր: Բայց 2022-ի մարտին մենք հասանք մի իրավիճակի, երբ վերականգնողական աճի ներուժը սպառվել էր, և արդեն նոր գործոն էր անհրաժեշտ: Ռուս-ուկրաինական պատերազմը եղավ հենց այդ գործոնը, եղավ քաշող ուժ, երբ բավականին մեծ միգրացիոն հոսքեր եկան Հայաստան:

Այդ հոսքերի մի մասը միգրացիոն էր, մի մասը՝ տուրիստական: Այդ հոսքերը դարձան տնտեսական աճի նոր շարժիչը, որովհետև մեր տնտեսության մեջ միանգամից պահանջարկ առաջ քաշեցին, ինչի աճի ֆոնին հիմնականում ծառայության ոլորտը սկսեց շատ ակտիվ աճել:

Այդ աճի մեջ բավականին մեծ նպաստ ունեցավ նաև բանկային համակարգը, որովհետև բանկերը սանկցիոն իրավիճակից ելնելով կարողանում են լրացուցիչ գործառնություններ իրականացնել տարածաշրջանում, այսինքն՝ նաև որոշակի ֆինանսական ծառայություններ արտահանել, դրա հաշվին եկամուտներ ստանալ: Իսկ դա էլ տնտեսական աճին նպաստող գործոն է:

– Ի դեպ, եթե ծանոթ եք, Modex-ի տվյալներով, այս տարվա հունվարսեպտեմբերին առևտրային բանկերը արձանագրել են 188 մլրդ դրամի զուտ շահույթ, որը եռակի ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

– Այո՛, բարձր շահույթի մասին էր խոսքը, բայց հիմա շահույթի նորմա չկա: Բայց ստեղծված է մի իրավիճակ, երբ բանկերը միջազգային գործարքներ են իրականացնում, օրինակ՝ ռուսական բանկերը խնդիր ունեն արևմտյան բանկերի հետ ուղիղ գործարքներ իրականացնելու, տարածաշրջանի մի քանի երկրների բանկային համակարգեր կարողանում են միջնորդի դեր ստանձնել, ինչից էլ որոշակի եկամուտներ են ստանում: Կարծում եմ՝ մեր երկրի համար սա շատ դրական է: Պետք է այնպես անել, որ մեր բանկային համակարգի համար ռիսկեր չառաջանան և սանկցիոն միջոցառումների տակ չհայտնվեն, չնայած բանկերն այդ ռիսկերը կառավարում են:

Սա բնականոն գործընթաց է, ես որևէ խնդիր չեմ տեսնում:

– Պարո՛ն Կարապետյան, տեսեք՝ մի կողմից խոսում ենք տնտեսական ակտիվության աճի մասին, բայց կա մեկ այլ խնդիր՝ հանրության մի զգալի հատված, որը դրսից արտարժույթով աշխատավարձ է ստանում, փոխարժեքի տատանման, դրամի արժևորման հետևանքով եկամտի նվազում ունի, մյուս կողմից էլ՝ բարձր գնաճը, մարդիկ ունեն ֆինանսական խնդիրներ և այլն: Սա ինչպե՞ս հասկանալ, մի տեսակ փուչ չէ՞ տնտեսական աճը:

– Տնտեսական աճը չի նշանակում, որ տնտեսությունում բոլորի գործերը պետք է լավ գնան: Տնտեսական աճն այն է, որ ընդհանուր արդյունքն ավելանում է: Բայց այստեղ մի խմբի արդյունքը կարող է շատ արագ ավելանալ, մյուս խմբինը՝ նվազել, և ընդհանոր տնտեսությունը նորից աճի ցուցանիշ կունենա:

Տնտեսագետներն ասում են, որ համախառն ներքին արդյունքը վատ ցուցանիշ է հատկապես սոցիալական տեսանկյունից, բայց ամենալավն է բնութագրում տնտեսության զարգացումները: Ուղղակի պետք է առանձին սեկտորներով, բնակչության առանձին խմբերով նայել, որպեսզի հասկանանք՝ աճը ինչքանով է ներառական, ինչքանով է ներառում բնակչության տարբեր խմբերին:

Այս 9 ամիսների տնտեսական աճը չափազանց ոչ ներառական է, այն վերաբերում է ծառայությունների ոլորտին, ընդ որում՝ Երևան քաղաքում: Այսինքն՝ Երևան քաղաքում ծառայությունների ոլորտով զբաղվածներին է վերաբերում աճը, և այս տնտեսական աճի պտուղները մարդիկ զգում են Երևան քաղաքում:

Այո՛, աճը բարձր է, աճը ոչ ներառական է, ու սա մեր տնտեսության խնդիրներից է:

– Իսկ ձեր կանխատեսումները ի՞նչ են ցույց տալիս՝ դրամի արժևորումը կարո՞ղ է երկար շարունակվել:

– Նման իրավիճակում փոխարժեքի կանխատեսումներ անելը չափազանց ոչ տնտեսագիտական է դարձել: Չկա տնտեսագիտական գործիքակազմ, որով, օրինակ՝ կարող ենք կանխատեսել, թե միգրանտները կմնա՞ն Հայաստանում, թե՞ կգնան, Ռուսաստանը նոր զորահավաք կհայտարարի՞, թե՞ ոչ, ու դրանից ածանցված՝ նոր հոսքեր դեպի Հայաստան կգա՞ն, թե՞ ոչ, սանկցիաները ինչպիսի բնույթ կկրեն և այլն: Նման գործոններից է կախված:

Եթե իրավիճակն այսպես պահպանվի, նոր հոսքեր լինեն, այդ հոսքերը տեսանելի ապագայում հետ չգնան Հայաստանից, այդ դեպքում, այո՛, փոխարժեքը կայուն չի լինի:

Ավելի շատ միգրացիոն հոսքերից ու տարածաշրջանային կոնյունկտուրայից է կախված փոխարժեքի տատանումը, որը կանխատեսել հնարավոր չէ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am