Սպիտակ տանը ԱՄՆ-ն Բաքվին կանխավճար տվեց լոկ խաղաղության հայտարարությունների դիմաց, Երևանը հայտնվեց խոցելի վիճակում. Օ’Բրայեն. «Ազատություն»

«Ազատություն». Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ադրբեջանը մեծ հաղթանակ տոնեց, Ամերիկան Բաքվին կանխավճար տվեց լոկ խաղաղության մասին հայտարարությունների դիմաց, մինչդեռ Հայաստանը հայտնվեց խոցելի վիճակում, պնդում է նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը, որը ԱՄՆ նախորդ նախագահի՝ Ջո Բայդենի վարչակազմում զբաղվում էր հենց հայ-ադրբեջանական խաղաղության ու ապաշրջափակման հարցերով։

Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի համար հրապարակած ծավալուն հոդվածում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշում է՝ այս պայմանավորվածությունների կարևորագույն տարրը Հայաստանի համաձայնությունն է՝ բացել իր տարածքի 43 կիլոմետրը Միացյալ Նահանգների կողմից կառավարվող միջանցքի համար, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանին: Փաստելով, որ վաշինգտոնյան արարողությունը խաղաղության ուղղությամբ էական քայլ է, Օ’Բրայենը գրում է՝ հակամարտության հիմնական պատճառը, սակայն, չի լուծվել, պարզապես հետաձգվել է: «Իմ դիվանագիտական փորձառությունը ցույց է տալիս, որ միջազգային խաղացողները այսօրինակ արարողություններից հեռանում են՝ արձանագրելով միայն այն, թե որքան շատ բան է արվել, մինչդեռ կողմերը մնում են այն ամենի հետ, ինչին հնարավոր չի եղել հասնել»։

Առնվազն մեկ տարի խաղաղության վերջնական համաձայնագիր չի լինի. Օ’Բրայեն

Չլուծված հարցերի շարքում փորձառու ամերիկացի դիվանագետը թվարկում է՝ նախ՝ առնվազն մեկ տարի խաղաղության վերջնական համաձայնագիր չի լինի, քանի որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել իր Սահմանադրությունը, և եթե Հայաստանը չկատարի այդ պահանջը, խաղաղության գինն է՛լ ավելի կբարձրանա։

Երկրորդ՝ Թրամփի միջնորդությամբ կնքված գործարքը լուսանցքում է թողել այս նախագծով շահագրգիռ մյուս առանցքային խաղացողներին՝ Ռուսաստանին, Իրանին, որոնց աջակցությունը վճռական նշանակություն ունի միջանցքի հաջողության համար, և Թուրքիային, որի տարածքով էլ հենց ապրանքները պետք է անցնեն, որպեսզի միջանցքը դառնա կենսունակ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: