Հայաստանը Կանաչ կլիմայական հիմնադրամից 10 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է ստացել անտառների վերականգնման, անտառային ենթակառուցվածքների զարգացման և գյուղական համայնքներում կայուն աշխատատեղերի ստեղծման համար։
Կանաչ վերականգնման խթանում (https://www.greenclimate.fund/project/sap059#overview) անվանմամբ ծրագիրը, կօգնի վերականգնել դեգրադացված անտառային տարածքները, բարելավել տնկանյութերի արտադրության համակարգերը և ստեղծել նոր անտառածածկ տարածքներ։ Նախատեսվում է նաև խթանել ոչ փայտային անտառային արտադրանքների՝ բույսերի, պտուղների, մեղրի և այլ բնական ապրանքների հավաքն ու մշակումը՝ որպես գյուղական տնտեսությունների կայուն եկամտի աղբյուր։
Ծրագրի մեկ այլ ուղղություն է անտառների թվային կառավարման համակարգերի ներդրումը։ Դրանք թույլ կտան հետևել անտառների վիճակին, վերահսկել ծառերի աճը և գնահատել ածխածնի կլանման ծավալները՝ Հայաստանը պատրաստելով ապագա ածխածնային շուկաներին մասնակցությանը։
Ծրագիրը կիրականացնի Շրջակա միջավայրի Նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակը, որը դեռևս 2019 թվականին տարածաշրջանոմ առաջին պետական կառույցն էր, որ հավատարմագրվեց կանաչ կլիմայական հիմնադրամում։ Այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս Հայաստանին ուղիղ ֆինանսավորում ստանալ աշխարհի ամենամեծ կլիմայական հիմնադրամից՝ առանց միջնորդ կառույցների մասնակցության։



















