Փաշինյանը «գեղեցիկ նվեր է մատուցել» Ալիևին՝ արցախահայության վերադարձի իրավունքը զուգորդելով «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի հետ. Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– «Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում քննարկվող թեմաներից մեկը: Առանց այդ իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության մասին»,- նախօրեին Բաքվում հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին: Ի պատասխան սրան, Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, թե «քանի խորհրդարանում ընդդիմադիրների սեղանին Լեռնային Ղարաբաղի դրոշն է, քանի ներհայաստանյան շրջանակները խոսում են արցախահայության վերադարձի իրավունքի մասին, քանի միջազգային այլ հարթակներում այդ թեման քննարկվի, Ադրբեջանից լինելու է նման պահանջ»: Պարո՛ն Կարապետյան, միջազգային իրավունքի տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի պնդումը:

– Միջազգային իրավունքի և վերպետական որևէ կառույցի կողմից չկա «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի իրավունքի մասին գեթ մեկ պաշտոնական փաստաթուղթ, կարգավիճակ՝ ի տարբերություն արցախահայության վերադարձի իրավունքի, որի վերաբերյալ կան մի շարք վերպետական կառույցների, տրիբունաների որոշումներ: Միջազգային իրավունքի տեսանկյունից դա անհամեմատելի է, անզուգորդելի: 

Հնարավոր չէ որևէ զուգահեռ անցկացնել այս երկու՝ արհեստական ու իրական իրավունքների միջև: Ալիևը այս արհեստական հակադրությունը ստեղծել է, իսկ Փաշինյանն էլ հարցը փակել է փոխադարձության սկզբունքով, այսինքն՝ մենք հրաժարվում ենք արցախահայության վերադարձի հարցից, դուք էլ՝ «արևմտյան ադրբեջանցիների»: Փաշինյանն այսպիսով «գեղեցիկ նվեր է մատուցել» Ալիևին՝ գոյություն չունեցող տերմինը զուգորդելով միջազգային իրավունքով գոյություն ունեցող փաստի հետ: 

Ադրբեջանից հնչած այդ հայտարարությունը խոսում է այն մասին, որ իրենք չեն հրաժարվել իրենց ծավալապաշտական նկրտումներից, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը» դիտարկում են որպես հայեցակարգային հարց, որը պետական օժանդակությամբ արդեն գործնական փուլ է մտել: Այս պահին նրանք արդեն խոսում են վերադարձի իրավունքի մասին, ու Օրդուբադում վերջերս տեղի ունեցած այդ հավաքի ժամանակ բացեիբաց տվել են իրենց գնահատականն ու ասել, որ Հայաստանը «պարտավոր է անգամ ապահովել անխափան վերադարձի իրավունքը»: 

Ադրբեջանցիները հղում են տալիս, որ նման բովանդակությամբ հստակեցում եղել է Ալիև-Փաշինյան զրույցների ընթացքում, ու դա մտնում է բանակցային փաթեթի մեջ, այսինքն՝ այս գործողությունները հենց այնպես չեն: Նիկոլ Փաշինյանի «բացատրությունը» այս ամենին ընդամենը քաղաքական ոտաբոբիկության ու մերկության նշան է: Ադրբեջանը ոչ մի պարագայում չի հրաժարվելու «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարից, նման «բացատրությունը» ընդամենը ինքնախաբեություն է: 

– Երբ Հայաստանից ամենաբարձր մակարդակով նման պատասխան է հնչում այդ հարցի վերաբերյալ, ապա ի՞նչ զարգացումներ են սպասվելու այս թեմայի շուրջ, որովհետև Ադրբեջանն արդեն պնդում է, որ առանց դրա «տարածաշրջանում կայուն խաղաղության մասին խոսել դժվար կլինի»:

– Ես այստեղ կհիշեցնեմ մի դրվագ, երբ նախընտրական շրջանում Փաշինյանն ու իր քաղաքական թիմը փորձում էին ամեն գնով ապացուցել, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» թեման կեղծ է, ու դա Սամվել Կարապետյանի թիմն է մեր քաղաքական դաշտ բերում: Հիմա կարծես թե այլ բանի ենք ականատես լինում: 

Եթե ադրբեջանական կողմի պնդումը իսկապես իրականություն դառնա, ու այդ թեման բանակցության առարկա դառնա, ապա կնշանակի, որ մենք հերթական ստի ու կեղծիքի հետ ենք գործ ունեցել, ստացվում է, որ եղել է հետկուլիսային պայմանավորվածություն, որ իրենք պետք է իրականացնեն: Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով, հետևողականորեն միջազգայնացնում ու լեգիտիմացնում է այս թեման ու սա արհամարհել կամ այս մասին չխոսել նշանակում է լինել քաղաքականապես ոտաբոբիկ, տգետ ու սեփական ժողովրդին ստոկհոլմյան սինդրոմի տանել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am