«Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմաթի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Երբ տարածքային ամբողջականության ուրվագիծը վերականգնվի, այդ ժամանակ հնարավոր բոլոր տարբերակները կքննարկվեն»։
Վարչապետը նշել է, որ այժմ քննարկվում են տարբեր մոտեցումներ, օրինակ՝ Արծվաշենի հարցում այլ սցենարի հնարավորությունը։ «Բայց որևէ մեկը չի կարող գնալ այլ սցենարի՝ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Եթե խոսքը վերաբերում է տարածքների փոխանակմանն, ապա հստակ է՝ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման դա պարզապես հնարավոր չէ իրականացնել։ Այս պահին իրավաբանների գնահատականն էլ այդպիսին է։ Նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության նման որոշում չի կարող ընդունվել»,-ընդգծել է Փաշինյանը։



















