Լրագրող Դմիտրի Սելեզնյովին Հայաստան մուտք գործելու արգելքի որոշման պատճառների մասին տեղեկություն ենք պահանջել. Զախարովա

Ռուսական կողմը Երևանում տեղակայված դեսպանության միջոցով հարցում է ուղարկել՝ պարզելու, թե ինչ պատճառով են Հայաստանի իշխանությունները որոշում կայացրել մերժել ռուս ռազմական լրագրող Դմիտրի Սելեզնյովի մուտքը Հայաստան։ Այս մասին իր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Երևանում մեր դեսպանության միջոցով մենք հարցումն ուղարկել ենք այդ որոշման պատճառների վերաբերյալ։ Հույս ունենք, որ այն կապված չէ Սելեզնևի լրագրողական գործունեության հետ, քանի որ դա չէր համապատասխանի Հայաստանի իշխանությունների կողմից առաջ քաշվող՝ իրավական և ժողովրդավարական պետության կերպարին։ Ինչպես հայտնի է, մամուլի ազատությունը հիմնարար և անխախտելի սկզբունք է ցանկացած իրական ժողովրդավարության համար», – նշել է դիվանագետը։

Տագնապ է առաջացնում այն փաստը, որ չկա տեղեկություն՝ երբ է ավարտվում սահմանափակման ժամկետը, արդյոք լրագրողը որևէ հանցագործության մեջ է մեղադրվում հանրապետության տարածքում և ինչ ձևով կարող է ակնկալել այս արգելքի չեղարկումը։ Միևնույն ժամանակ լավ հայտնի է, որ Դմիտրի Սելեզնյովը 2020 թվականին լուսաբանում էր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը։ Դա իսկապես հայտնի փաստ է։ Իսկ թե ինչն է նա «սխալ» արել՝ լրիվ անհասկանալի է»։