Սերժ Սարգսյանն օրերս ելույթ ունենալով Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման միջոցառմանը, հայտարարեց, թե լավ կլինի, որ Երեւանի կենտրոնում կառուցվի Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գաղափարն իսկապես լավ գաղափար է, արժեքավոր գաղափար: Բայց եթե այդ գաղափարի իրականացման մեկնարկին պետք է նաեւ եկեղեցի կառուցելու գաղափարը բարձրաձայնվեր, ապա թերեւս ավելի լավ կլիներ, որ այդ մեկնարկը չլիներ:
Երեւանում կա ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդում, ուր ամեն տարի ապրիլի 24-ին այցելում են հարյուր հազարավոր հայստանցիներ եւ Հայաստանի հյուրեր:
Մի՞թե Սերժ Սարգսյանին չի բավարարում ցեղասպանության զոհերի այդ հուշահամալիրը: Միթե ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի իշխանության երեւակայությունը չի բավականացնում այլ բանի, քան նոր եկեղեցի կառուցելը, Երեւանի առանց այդ էլ հագեցած կենտրոնում:
Եթե Երեւանի որեւէ ծայրամասում մի բազմաբնակարան շենք կառուցվեր անօթեւան, բնակարանի լուրջ խնդիրներ ունեցող բազմազավակ ընտանիքների համար, եկեղեցի կառուցելու փողերով, ապա դա թերեւս շատ ավելի արժեքավոր բան կլիներ, այդ թվում նաեւ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու տեսանկյունից:
Այլապես տարօրինակ է, երբ երկրում կան ուղղակիորեն առօրյայի զոհեր, իսկ իշխանությունը բարերաներին կոչ է անում ցեղասպանության զոհերի արդեն իսկ եղած, արդեն իսկ համընդհանուր ճանաչում ունեցող հուշահամալիրից բացի կառուցել նաեւ մի եկեղեցի, այն էլ Երեւանի կետրոնում: Իսկ ինչի՞ համար կենտրոնում: Որովհետեւ իշխանությունը կենտրոնից դուրս որեւէ բան տեսնելու սովոր չէ՞, թե բարերարներն են սովորույթի համաձայն միայն կենտրոնում կառուցվելիքի համար փող տալիս: