Արաղչի․ Իրանը կարող է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ

«Վստահ եմ, որ մենք կարող ենք միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ»,- CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ՝ որպես բանակցային գործընկերոջ։ «Ցավոք սրտի, մենք կորցրել ենք Միացյալ Նահանգների՝ որպես բանակցային գործընկերոջ հանդեպ մեր վստահությունը»,- ասել է Արաղչին՝ ընդգծելով, սակայն, որ վերջին օրերին մի շարք միջնորդ երկրների աջակցությամբ ամերիկյան կողմի հետ ունեցած շփումները եղել են «արդյունավետ»։

Պատասխանելով CNN-ի լրագրողի հարցին՝ արդյոք Թեհրանը պատրաստ է ուղղակի բանակցությունների Վաշինգտոնի հետ, Իրանի ԱԳ նախարարն ասել է․ «Կարևորը բանակցությունների էությունն է, ոչ թե ձևը»։