Շոյգու․ Հայաստանի երկաթուղու կառավարման փոփոխությունը կարող է «մեկ գիշերում փլուզել» համակարգը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ անհրաժեշտ է, որպեսզի Մոսկվայի և Երևանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող որևէ երկիր Ռուսաստանից գնի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիոն իրավունքը։

ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում Շոյգուն նշել է, որ Հայաստանի իշխանությունների այդ ցանկությունը բավարար չափով մշակված որոշում չէ, և նման քայլի դեպքում գործող համակարգը կարող է «մեկ գիշերվա ընթացքում փլուզվել»։

«Չեմ գնահատի այլ երկրների կոմպետենցիան երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, սակայն կարող եմ վստահ ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որը երկար տարիներ արդյունավետ աշխատել է Հայաստանում՝ ոչ ամենահեշտ պայմաններում։ Գրեթե երկու տասնամյակ ձևավորված համակարգը կարող է պարզապես փլուզվել մեկ գիշերվա ընթացքում։ Այդ պատճառով «բարեկամական ոչ մի երկիր», բնականաբար, նման պատասխանատվություն չի ստանձնի։ Հույս ունեմ, որ պատասխանատու որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կղեկավարվի բացառապես իր քաղաքացիների շահերով», – ասել է Շոյգուն։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատասխանատու կերպով իրականացնում է կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պարտավորությունները, այդ թվում՝ ներդրումային կետերը։ Շոյգուի տվյալներով՝ Ռուսաստանի ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքում, ներառյալ շարժակազմը, կազմել են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։