16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր. ՆԳ նախարար

Կառավարությունը հաստատել է անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է ներդնել կենսաչափագրական նոր համակարգ։

Կառավարության նիստում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախաձեռնությունը՝ նշելով, որ դրա նպատակն է մեկ միասնական օրենքով կարգավորել ոլորտը՝ համապատասխանեցնելով այն նոր համակարգին։
«Փաթեթի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրվող կենսաչափագրական նոր համակարգին համապատասխան օրենսդրություն ունենալն է»,- ասել է նա։

Նախագծով առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտը դարձնել պարտադիր։
«Միայն նույնականացման քարտ ունենալու դեպքում անձը կկարողանա ստանալ կենսաչափագրական անձնագիր»,- նշել է նախարարը։

Ըստ առաջարկվող կարգավորումների՝ 6–16 տարեկանները կարող են ունենալ նույնականացման քարտ կամավոր հիմունքներով, իսկ մինչև 6 տարեկանների դեպքում փաստաթուղթ կհամարվի ծննդյան վկայականը։

Նախարարի խոսքով՝ ներպետական գործընթացներում հիմնական փաստաթուղթը կլինի նույնականացման քարտը, իսկ անձնագիրը կդիտարկվի որպես ճամփորդական փաստաթուղթ։

Նախագիծը վերաբերում է նաև օտարերկրացիներին, փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնց համար ևս կկիրառվեն կենսաչափագրական փաստաթղթեր։

Սարգսյանը նշել է, որ համակարգի ներդրումը կխթանի նաև ծառայությունների թվայնացումը և կապ ունի Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի հետ։ Նրա խոսքով՝ ամբողջ ենթակառուցվածքը նախատեսվում է ներդնել մինչև 2026 թվականի աշուն։