«Աստղ»-ային ֆաշիզմ

«Աստղ»-ային ֆաշիզմ
«Աստղ»-ային ֆաշիզմ

Ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերությունը «անակնկալի» է բերել հայերին, երբ ՀՀԿ-ի զինանշանում ֆաշիզմի տարրեր է գտել։ Խնդիրը զինանշանը չէ։ Ոչ էլ ռուսական TV-ի արածը։ Խնդիրն այն է, որ պետք է հաշտվենք՝ կա՛մ ՀՀԿ-ն ֆաշիստական կառույց է ռուսների արածից անկախ, կա՛մ այդպիսին չէ, բայց, ինչպես ասում են, ռուսական TV-ի դեմ դատական հայցի մասին ոչ մի տեղեկություն։ Խնդիրը նույնիսկ այն չէ՝ զինանշանն ինքնին ֆաշիստակա՞ն է, թե՞ ոչ։

Ռուսական հեռուստաընկերությունը գիտի` որտե՛ղ խփի։ ՀՀԿ-ն հաստատ կանաչների կուսակցություն չէ, համագործակցում է ՀՅԴ-ի հետ և ուղղակի ծնկի է բերել երկիրը արտաքին թշնամու մասին բարբաջանքներով։ Սա հենց այն է, ինչն անում է ֆաշիստական կառավարությունը։

Այսինքն` ռուսները գիտեն, որ եթե նույնիսկ չափազանցում են, հաստատ իրականությունը շուռ չեն տալիս, պարզապես գույներն են խտացրել։ Բայց ի՞նչ կարիք կա ռուսների արածի պատճառով ՀՀԿ-ի համակիր դառնալ։ Ի վերջո, հիտլերյան Գերմանիան աշխարհի աչքում լեգիտիմացրեց Ստալինին, բայց նա ավելի մարդասեր չդարձավ։ Ռուսների արածի պատճառով համակրել ՀՀԿ-ին` նշանակում է ՀՀԿ-ին համակրելու առիթ փնտրել և գտնել։

Ստե՞լ են ռուսները` պետք է փաստել, որ ստել են, ճի՞շտ են ռուսները` պետք է փաստել, որ ճիշտ են։ ՀՀԿ-ն նրանց արածից ձեր աչքին խեղճ ու անօգնակա՞ն է թվում, իմ աչքին՝ ո՛չ։ 20 տարի մարդիկ իշխանության գլխին են կանգնած, և եթե երբեմնի 3,5 միլիոնանոց Հայաստանն այսօր հազիվ 2,5 միլիոն է, ռուսները մեղավո՞ր են սրա համար։

Ադրբեջանցիներն էլ մեղավոր չեն։ Թուրքերն էլ։ Ամերիկացիներն էլ։ Ֆաշիզմը ՀՀԿ-ի համար շատ է, որովհետև մենք մեր «հրեան» չունենք, մենք ունենք մեր ադրբեջանցին, բայց նա էլ արտաքին հակառակորդ է: Եվ ո՞վ ասաց, որ ՀՀԿ-ն ինքը չէր կարող ներքին համախմբման նպատակով մի այդպիսի կեղտոտ խաղ խաղալ իր գլխին՝ պարզապես անվանարկել իրեն ռուսների բերանով, որոնք առանց այն էլ չեն ընկալվում այս հողի վրա։ Որովհետև գնում են, չէ՞, ԵՄ։

Իսկ ԵՄ-ն հազիվ թե ակնհայտ ֆաշիստական գաղափարախոսությամբ իշխող ուժ ունեցող պետությանը փորձեր տանել իր դուռը։ Նշանակում է` կա՛մ ռուսներն անիմաստ ջղաձգվում են, կա՛մ ՀՀԿ-ին անչափ պետք էր այդ «կիսաճշմարտությունը»։

Ինչ վերաբերում է Նժդեհին: Նա ՀՀԿ-ինը չէ: Ռուսներն այստեղ համը հանել են: Բացարձակապես ոչ մեկի գործը չէ, թե դու ինչպես ես ուզում հասնել քո երկրի անկախությանը: Քաղաքականությունը Սատանա չունի, նույնիսկ ճիշտ-սխալ չունի: Նժդեհը կոմունիստներին Հայաստան պարտադրեց: Նույնը ուզում էր պարտադրել հիտլերյան Գերմանիային: Մեկի դեպքում ստացվեց, մյուսի դեպքում՝ ոչ: Մեր խնդիրը, ի գիտություն ռուսների, Նժդեհը չէ, այլ նժդեհականությունը:

Դրանք իրար հետ կապ չունեն, նույն հաջողությամբ՝ մեր խնդիրը մարքսիզմն է, յունգիզմը, պլեխանովականությունը կամ քրիստոնեությունը: Ա՛յ Նժդեհին ոչ ըստ էության առանձնացնելը ֆաշիզմ է, ինքը ազգերի դեմ ոչինչ չուներ:

Ռուսները նույնիսկ ՀՀԿ-ին ֆաշիզմի մեջ մեղադրելով են համը հանել, որովհետև ֆաշիզմը և կոռուպցիան միմյանց հետ չեն խոսում: Չկա մի գաղափարախոսություն, որ կարող է խոսել կոռուպցիայի հետ, հետևաբար ռուսները նույն չափով խոսել են իրենց մասին: Այո՛, մենք ունենք ռազմականացված «Երկրապահ», մենք ունենք քրեական հեղինակություններ, որոնք հատկապես հանրահավաքների ժամանակ Հիտլերյուգենդի նման կառույցներ են դառնում: Կոռուպցիան իբրև գլխավոր «գաղափարախոսություն» կարելի է կերցնել ամեն ինչով՝ Չերչիլից մինչև Մաո Ցզե Դուն, Տիգրան Մեծից մինչև Ռոբերտ Մուգաբե: Հանրապետականները կերցնում են Նժդեհով: Իսկ ռուսներն էլ իբր «կերել» են էդ խայծը:

Մհեր Արշակյան

MediaLab.am