Իրանը, պակիստանցի միջնորդների միջոցով, ամերիկյան կողմին փոխանցել է առաջարկ՝ վերաբացել Հորմուզի նեղուցը և ավարտել փետրվարի 28-ին սկսված պատերազմը, գրում է ամերիկյան Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Axios-ի փոխանցմամբ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգվել են և կշարունակվեն ավելի ուշ։
Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ–Իրան բանակցությունների երկրորդ փուլը դեռևս չի կայացել։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին վերջին երկու օրում երկու անգամ այցելել է Իսլամաբադ։
Նախօրեին Արաղչին այցելել է նաև Օման։ Թեհրանը և Մասկատը պայմանավորվել են Հորմուզի նեղուցի շուրջ քննարկումները շարունակել փորձագիտական մակարդակով։
Աբբաս Արաղչին նշել է, որ Պակիստանում վերջերս կայացած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են այն պայմանները, որոնց դեպքում կարող են վերսկսվել Իրան–ԱՄՆ բանակցությունները։ Նա ընդգծել է, որ Թեհրանը կձգտի պաշտպանել իր իրավունքներն ու ազգային շահերը։



















