Ձերբակալվել է Վազգեն Խաչիկյանը

Ձերբակալվել է Վազգեն Խաչիկյանը
Ձերբակալվել է Վազգեն Խաչիկյանը

Ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին:
Այդ մասին տեղեկացնում է NEWS.am լրատվական կայքը` հղում անելով սեփական աղբյուրներին:
Ոստիկանության լրատվության վարչությունից,լրատվամիջոցին տեղեկացրել են, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետ-ով , եւ 314 հոդվածի 1,2 կետերով:

Կայքը տեղեկացնում է, որ ձերբակալված մյուս անձը` Սոցիալական ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանն է , իսկ երրորդը՝ Սոցապի կենտրոնական ապահովության վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:

“Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի խախտումներից հետո:

ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել եւ մոտ 500 էջանոց հաշվետվություն էր ուղարկել դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ, ուսումնասիրելով իրականացված ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար ու յուրացրել այն:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով”,-տեղեկացնում է աղբյուրը:

© Medialab.am