Իրանը չի նախատեսում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում քննարկել իր հրթիռային ծրագիրը, ինչպես նաև Թեհրանի կողմից աջակցվող տարածաշրջանային զինված կազմավորումների՝ «Դիմադրության առանցքի» հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եգիպտոսում Իրանի դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Փուրը։
«Մենք բանակցություններ չենք վարի հրթիռային ծրագրի և «Դիմադրության առանցքի» վերաբերյալ», – նշել է նա։
Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ն «պետք է հարգի Իսլամական Հանրապետության բոլոր օրինական իրավունքները նրա միջուկային ծրագրի շրջանակում»։
Նրա խոսքով՝ Իրանն անձնատուր չի լինի՝ հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումների, և չի բանակցի ճնշման պայմաններում։
«Մենք թույլ չենք տա, որ ԱՄՆ-ն մեզ հետ խոսի ուժի դիրքերից։ Իրանը երբեք անձնատուր չի լինի և չի բանակցի ճնշման ու նոր հարձակումների սպառնալիքների ներքո», – ընդգծել է դիվանագետը։



















