Ցանկություն է առաջանում հիշեցնելու, որ քաղաքական գործիչներից շատերը ցանկացած սուր քննադատություն ընկալում են որպես «ծանր վիրավորանք»․ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր ԱԺ-ն քննարկեց և, ցավոք, արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունեց “ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին” օրենքը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին “ծանր վիրավորանք” հասցնելու՝ հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար։

Ընդ որում՝ ավելի խիստ պատիժ է կիրառվելու, եթե դա կատարվել է “տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով” և եթե դա պայմանավորված է “անձի հանրային գործունեությամբ”։

Եթե այս օրինագիծը միտված լիներ բացառապես դիտավորությամբ վիրավորելու նպատակով հայհոյախոսելու դեմն առնելուն, որևէ առարկություն չէի ունենա։ Բայց երբ խոսվում է “ծանր վիրավորանք”-ի (այդ ինչպե՞ս է որոշվելու՝ ծանր է դա, թե՞ ոչ այնքան) և դրա՝ “անձի հանրային գործունեությամբ” պայմանավորված լինելու մասին, միանգամից ցանկություն է առաջանում հիշեցնելու, որ պաշտոնյաներից, քաղաքական գործիչներից, այլ հայտնի մարդկանցից շատերը ցանկացած սուր քննադատություն կարող են ընկալել և ընկալում են որպես “ծանր վիրավորանք”։

Եվ ի՞նչ, ակնկալենք, որ այդ անձինք, ոգևորվելով այս օրենքով, ակտիվորեն հաշի՞վ են մաքրելու լրատվամիջոցների հետ։ Сисак Габриелян Artur Hovhannisyan / Արթուր Հովհաննիսյան Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Ваагн Овакимян և մյուս նախկին լրագրող պատգամավորներ, ու՞ր եք նայում և ի՞նչ եք անում․․․ Մտածե՞լ եք, ինչ բացասական հետևանքներ կունենա այս ձեր քայլը և՛ երկրի ներսում, և՛ միջազգային տարբեր կառույցներում»։