Եվրոպական միությունը Հայաստան է ուղարկում ռուսական քարոզչության և միջամտության դեմ պայքարի մեջ մասնագիտացած փորձագետների խումբ՝ ուժեղացնելով աջակցությունը երկրին քաղաքական լարված փուլում։
Ինչպես գրում է The Guardian-ը, այս քայլը տեղի է ունենում խորհրդանշական զարգացումների ֆոնին․ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո նախատեսվում է ԵՄ առաջնորդների և Հայաստանի առաջին երկկողմ գագաթնաժողովը։
ԵՄ-ն վերջին շրջանում խորացնում է հարաբերությունները Հայաստանի հետ՝ պայմանավորված նրանով, որ Ռուսաստանի ազդեցությունը նվազել է Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի հետևանքով։
Ակնկալվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵՄ առաջնորդները՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիո Կոստան, կհաստատեն Հայաստանում արտաքին միջամտությանը հակազդելու ԵՄ առաքելությունը։ Քննարկվելու են նաև էներգետիկ, տրանսպորտային և տնտեսական աջակցության հարցեր։
ԵՄ-ն նախատեսում է ստեղծել 20-30 քաղաքացիական փորձագետներից բաղկացած երկամյա առաքելություն Հայաստանում, որի նպատակն է ուժեղացնել «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը՝ ներառյալ կիբերհարձակումները, տեղեկատվական մանիպուլյացիաները և արտաքին միջամտությունը»։
Առանձին, ԵՄ արտաքին ծառայությունը հայտարարել է նաև «արագ արձագանքման հիբրիդային թիմի» ստեղծման մասին, որը կգործի հատկապես ընտրություններից առաջ՝ արտաքին ազդեցություններին հակազդելու համար։
ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նշել է․
«Հայաստանը բախվում է լայնածավալ ապատեղեկատվական արշավների և կիբերհարձակումների։ Երբ քաղաքացիները գնան ընտրությունների, նրանք պետք է ինքնուրույն որոշեն իրենց երկրի ապագան»։



















