ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղեկություններ չունի մոտակա օրերին Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման վերաբերյալ, սակայն նշել է, որ կուրախանա, եթե դա տեղի ունենա։
Լրագրողների հետ զրույցում վարչապետը անդրադարձել է թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին՝ կապված սահմանի հնարավոր բացման հետ։
«Ուղիղ տեղեկատվություն չունեմ, բայց եթե պարզվի, որ այդպիսի բան կա, ես շատ կուրախանամ»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև քննադատել է այն ընդդիմադիր շրջանակներին, որոնք, իր խոսքով, սահմանների բացման թեմայով «վախի մթնոլորտ» են ստեղծում։
«Նրանց ասածից ստացվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը մի բան էլ լավություն են արել մեզ, որ սահմանը փակել են։ Մինչդեռ 30 տարի Հայաստանը միջազգային հարթակներում բողոքել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրեն շրջափակել են»,- նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ցանկանում է, որ սահմանը բացվի, և դա միայն դրական ազդեցություն կունենա երկրի վրա։
Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել 2022 թվականից։ Կողմերը նշանակել են հատուկ ներկայացուցիչներ՝ Հայաստանի կողմից ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, իսկ Թուրքիայի կողմից՝ նախկին դեսպան Սերդար Քըլըչին։
Բանակցությունների արդյունքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ սկզբնական փուլում սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, սակայն այդ որոշումը դեռևս չի իրականացվել։



















