Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մրցանակին

Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թվականի մրցանակին։ Թեկնածությունն առաջադրել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող հինգ միջազգային ներկայացուցիչներ։

Հայտարարության մեջ նշվում է, որ առաջադրման հիմքում Վարդանյանի գործունեությունն է՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ներդրումը, ինչպես նաև Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելը։

Առաջադրողները ընդգծել են, որ Ռուբեն Վարդանյանը, լինելով պացիֆիստ, իր կյանքն ու անվտանգությունը վտանգի տակ է դրել՝ հակամարտության գոտում երկխոսության և փոխըմբռնման ուղիներ որոնելու համար։ Նրանք նաև նշել են, որ այսօր հենց Վարդանյանն է պաշտպանության կարիք ունենում՝ Ադրբեջանի կողմից շինծու մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո։

Հայտարարության հեղինակները վստահություն են հայտնել, որ մրցանակի շնորհումը կարևոր քայլ կլինի ինչպես Վարդանյանի գործունեության գնահատման, այնպես էլ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։

Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանը գերեվարել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ Լաչինի միջանցքում։ Նրա դեմ առաջադրվել է ավելի քան 40 մեղադրանք։