ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը, իսկ Երևանի օրակարգում, ըստ նրա, այս պահին կառույցից դուրս գալու հարց չկա:
Միրզոյանն այսօր պնդում էր, որ ինքն էլ չի հասկանում՝ ի՞նչ նկատի ուներ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, երբ երեկ ասում էր՝ մայիսի վերջին Աստանայում ծրագրված Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է նաև կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը: «Ազատությունն» այսօր հետաքրքրվել է՝ Երևանը տեղեկացվա՞ծ է՝ հնարավո՞ր է միությունը լքելու հարց դրվի:
«Հայաստանի կարգավիճակը ԵԱՏՄ-ում հստակ է, Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է: Չկա այդպիսի բան կանոնադրական նախատեսված: Դա մեր կողմից կարա քննարկվի, եթե մենք հանկարծ մի օր որոշում կայացնենք չլինել ԵԱՏՄ անդամ: Խոսել միշտ կարող են, մենք էլ միշտ կարող ենք մասնակցել ցանկացած թեմայով խոսակցության, բայց մեր օրակարգում այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չի, հետևաբար այդ քննարկումը շատ սիրողական կամ փիլիսոփայական բնույթ կարող է կրել: Եթե որևէ մեկը հարց ունի, կարող ենք քննարկել, ոչ մի խնդիր չեմ տեսնում», – պատասխանեց ԱԳ նախարարը:
Միրզոյանն այսօր ԵԱՏՄ կանոնադրությանն էր հղում անում. դրանով, ասում է, նախատեսված չէ, որ անդամ երկրները կարող են դիտարկել մեկի լիարժեք անդամ չլինելու հարցը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















