Ծաղիկներից հետո՝ մրգի ու բանջարեղենի հերթը․ Ռուսաստանը կարող է նոր սահմանափակումներ կիրառել

Ռոսսելխոզնադզորը խնդիրներ է արձանագրում Հայաստանից Ռուսաստան մատակարարվող ոչ միայն ծաղիկների, այլև մրգի ու բանջարեղենի մասով։ Այս մասին «Վեստի»-ի եթերում հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի հետ»,- ասել է Դանկվերտը։

Նրա խոսքով՝ հայկական ձեռնարկություններում ստուգումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ, որից հետո Ռոսսելխոզնադզորը որոշում կկայացնի։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ։ Որպես պատճառ նշվում է ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը։

Ռոսսելխոզնադզորի տվյալներով՝ այս տարվա ընթացքում Հայաստանից ներմուծված ծաղկային արտադրանքի դեպքում արձանագրվել է 135 նման դեպք, իսկ մրգի ու բանջարեղենի դեպքում՝ 146 վարակված խմբաքանակ։

Դանկվերտը նաև նշել է, որ ռուսական կողմը կապի մեջ է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ՝ առաջացած հարցերը կարգավորելու համար։